Մատչելի հղումներ

Ռուսաստանն Ուկրաինայում շարունակվող բռնությունների շուրջ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ կներկայացնի


«Արևմուտքի մեր գործընկերներն արդեն բավականին երկար ժամանակ ասում են մեզ, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայանալուն պես իրավիճակը կհանդարտվի: Այնուամենայնիվ տեղի է ունենում ճիշտ հակառակը». Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ իր երկիրը երկուշաբթի օրը Ուկրաինայում շարունակվող բռնությունների շուրջ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ կներկայացնի, որտեղ կոչ է անելու մարդասիրական միջանցք ստեղծել Ուկրաինայի արևելքում:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում արտգործնախարար Լավրովն ասել է նաև, որ բանաձևի նախագիծը հորդորելու է նաև ավարտի հասցնել Ուկրաինայի այս տարածաշրջանում շարունակվող բռնությունները՝ նշելով, որ այնտեղ իրավիճակը գնալով վատթարանում է:

«Արևմուտքի մեր գործընկերներն արդեն բավականին երկար ժամանակ ասում են մեզ, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայանալուն պես իրավիճակը կհանդարտվի: Այնուամենայնիվ տեղի է ունենում ճիշտ հակառակը», - ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Պետրո Պորոշենկոն:

Ուկրաինայում երկուշաբթի օրը ռուսաստանամետ զինյալներն ինքնաձիգների և նռնականետների կիրառմամբ հարձակում են գործել երկրի սահմանային անցակետերից մեկի ուղղությամբ:

Ուկրաինայի անվտանգության ուժերի համաձայն՝ հարձակումը, որը սկսվել էր վաղ առավոտյան, իրականացվում է Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի հարավային շրջանում: Հաղորդագրության համաձայն, հարձակումից առաջ ռուսաստանամետ անջատողականների մի ստորաբաժանում գրավել էր սահմանային անցակետի մոտակայքում գտնվող բնակելի շենքերի վերին հարկերը, որտեղից էլ բացել էր կրակը:

«Հրաձգությունը շարունակվում է առանց դադարների: Մեր կողմից վնասվածքներ է ստացել 8 կամ 9 սահմանապահ: Հարձակվող կողմի վնասները կազմում են հինգ զոհ և 8 վիրավոր» - ասել է Ուկրաինայի սահմանապահ ուժերի ներկայացուցիչ Օլեհ Սլոբոդինը:

Ուկրաինայի սահմանապահ ծառայության կողմից տարածված ևս մեկ հաղորդագրության համաձայն, Լուգանսկի սահմանային անցակետի ուղղությամբ հարձակում իրականացնելիս անջատողականներն օգտագործում են դիպուկահարներ, որոնք կրակ են վարում խաղաղ բնակիչների բնակարաններից:

Ռուսաստանամետ զինյալները, ըստ հաղորդագրության, թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին հեռանալ անցակետի մոտակայքում գտնվող բնակելի թաղամասից, ինչի հետևանքով Ուկրաինայի սահմանապահները չեն կարողանում պատասխան կրակ բացել:
XS
SM
MD
LG