Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում Սիրիայում Ռուսաստանի ազդեցության տարածման դեմ


American and Russian
American and Russian

ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները վերանայում են Սիրիայի չափավոր ընդդիմության համար ռազմական վարժանքները, որոնք այժմ նշանակալի թերություններ ունեն: Այդ զեկույցը համընկավ ռուսաստանյան օդանավերի թռիչքները դեպի Սիրիա արգելափակելու Վաշինգտոնի կողմից Հունաստանին հղված խնդրանքի հետ:

ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում Սիրիայում Ռուսաստանի ազդեցության տարածման դեմ

Ըստ Նյու Յորք Թայմզի՝ ԱՄՆ-ի պաշտպանական ոլորտի պաշտոնյաները վերանայում են Սիրիայի չափավոր ընդդիմության համար ռազմական վարժանքները, որոնք այժմ նշանակալի թերություններ ունեն: Այդ զեկույցը համընկավ ռուսաստանյան օդանավերի թռիչքները դեպի Սիրիա արգելափակելու Վաշինգտոնի կողմից Հունաստանին հղված խնդրանքի հետ:

Նյու Յորք Թայմզ թերթը հղում է կատարում պաշտպանության նախարարության և Օբամայի վարչակազմի 4 բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք պնդում են, որ նախագծված ծրագիրը առաջ եկավ հուլիսի 31-ին Ալ Նուսրայի կողմից 54 նորավարտ ընդդիմադիր նորակոչիկների վրա հարձակումից հետո:

500 միլիոն դոլար արժեքով ծրագրի արդյունքները բարելավելու նպատակով նախատեսվում է ուժերի ընդլայնում, նրանց ծավալման վայրերի տեղափոխում տեղացիների աջակցությունը վայելող տարածքներ և հետախուզության ամրապնդում: Այդ ծրագիրը իրականացվում է Թուրքիայում և Հորդանանում ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի և դաշնակիցների վարժանքի մասնագետների կողմից: Այն տարբեր է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական ծառայության նմանատիպ գաղտնի ծրագրից:

Ըստ ծրագրի՝ նախատեսվում է տարեկան պատրաստել 5000 զինվոր, սակայն այս տարվա արդյունքները դեռ հեռու են այդ թվից:

Նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին, որը Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի հաստատության պատվավոր գիտնական է, կարծում է, որ ծրագիրը այդքան ազդեցիկ չէ՝ խաթարելու մի քանի հազար մարտիկ ունեցող «Իսլամական պետություն» խմբավորման հզորությունը, ինչպես որ ԿՎՀ-ին չհաջողվեց իր ծրագրով անել դա:

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ի Ծովային հետևակի բրիգադային գեներալ Քելվին Քիլեան, ով իսլամիստների դեմ ուղղված «Նվիրյալ Լուծում» ռազմարշավի միացյալ ուժերի շտաբի պետն է, ասաց, որ այդ դասընթացները շատ խոստումնալից են՝ հաշվի առնելով վարժվողների քանակը:

«Վարժվողների քանակը նշանակալի հավելում կտա հյուսիսային Սիրիայում «Դաեշի» դեմ կռվող զորաջոկատներին», -ասում է նա:

Համաձայն Նյու Յորք Թայմզի՝ այս ծրագրի մի հատվածը՝ մարտերի ժամանակ ապստամբներին օդից կրակային ապահովումը, լավ է ընթացել: Հարվածային անօդաչու սավառնակները արագորեն վրա էին հասնում և օգնում նրանց Ալ Նուսրայի հարձակումների ժամանակ՝ ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների:

Մինչդեռ ԱՄՆ-ում գոյություն ունի աճող մտահոգություն Սիրիայում Ռուսաստանի մտադրությունների շուրջ: Միացյալ Նահանգները խնդրել են Հունաստանին փակել իր օդային սահմանները ռուսական այն ինքնաթիռների դիմաց, որոնք ռազմական մատակարարումներ են իրականացնում Ասադի վարչկարգին: Հունաստանի արտգործնախարարությունը նշել է, որ դեռ քննարկում է այդ հարցը:

Տարբեր լրատվամիջոցներ նշում են, որ Ռուսաստանի գործունեությունը կարող է լինել կամ Ասադի կառավարությանը աջակցելու ծրագրի մաս, կամ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու ծրագրի մաս: Սեպտեմբերի 3-ին Սպիտակ Տան խոսնակ Ջոշ էրնսթը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները տեղյակ են Սիրիայում Ռուսաստանի ռազմական անձնակազմի և ինքնաթիռների ծավալման մասին:

«Ես միայն պետք է նշեմ, որ որևէ ռազմական աջակցություն Ասադի վարչակարգին, որևէ նպատակով, լինի դա ռազմական անձնակազմի, ինքնաթիռների պահեստամասերի, զենքերի մատակարարման կամ ֆինանսավորման ձևով, և՛ ապակայունացնող է, և՛ հակաարդյունավետ: Միացյալ Նահանգները կազմակերպել է միջազգային դաշինք «Իսլամական պետության» դեմ, և մենք ուրախ կլինենք Ռուսաստանի կողմից աջակցության տրամադրմանը: Միացյալ Նահանգները նաև Սիրիայի քաղաքական ղեկավարության մեջ կերպափոխումների դիվանագիտական լուծումներ գտնելու առաջավար ջատագովներից է: Եվ մենք հաստատապես ուրախ կլինենք Ռուսաստանի ջանքերին այդ ասպարեզում», - նշել է Էրնսթը:

Սեպտեմբերի հինգին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Լավրովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Սիրիայում աչքի ընկնող ռազմական շինարարության շուրջ:

Նյու Յորք Թայմզը հաղորդում է, որ Ռուսաստանը ռազմական նախապատրաստական խումբ է ուղարկել Սիրիա, որը քայլեր է ձեռնարկում ամրապնդելու Ռուսաստանի ռազմական ներկայությունը այդ երկրում, ներառյալ՝ հարյուրավոր մարդկանց համար նախատեսված շինությունների արագ կառուցապատման նյութերի տեղափոխումը Սիրիային պատկանող օդանավակայան և օդային վերահսկման շարժական կայանի տեղակայումը այնտեղ:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG