Մատչելի հղումներ

Լավրով. «Ռուսաստանը Սիրիային կառաքի «Ս-300» համալիրները»


«Մենք կատարում ենք մեր բոլոր պայմանավորվածությունները»

Ռուսաստանի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն նրանք նախատեսում են կատարել Սիրիային «Ս-300» զենիթային համալիրների առաքման վիճահարույց պայմանագիրը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյա-24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Մենք կատարում ենք մեր բոլոր պայմանավորվածությունները: Այս պայմանագիրը դեռևս մինչև վերջ չի կատարվել»:

Հարցազրույցի ընթացքում Լավրովն ասել է նաև, որ Ժնևում կայանալիք Սիրիայի հարցին նվիրված խաղաղության համաժողովի ընթացքում Ռուսաստանը կարգելափակի Ասադի կառավարության պաշտոնաթողության ուղղված բոլոր պահանջները:

Լավրովի համաձայն, Ասադի կառավարության պաշտոնաթողության մասին կոչերը «Պարսից ծոցի պետությունների կողմից մեր և ամերիկացիների դեմ ուղղված անարգանք են»:

Սիրիայի հարցով խաղաղության համաժողովի անցկացման համար դեռևս սակայն որևէ հստակ օր չի նշանակվել:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու իր երկրի առարկությունները և ասել, որ Սիրիայի ընդդիմությանը Արևմուտքի կողմից զինելու ծրագրերի արդյունքում զենքերի հիմնական մասը կընկնի «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ձեռքը, որը համարվում է Սիրիայի ապստամբների ամենաարդյունավետ խմբավորումներից մեկը:

Մոսկվան այս տարվա մայիս ամսին ընդունել է, որ նախատեսում է իրագործել Սիրիային ժամանակակից «Ս-300» զենիթային համալիրները վաճառելու ծրագրերը:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում Ռուսաստանը սատարել է այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին: Մոսկվան արգելափակել է Սիրիայի հարցի շուրջ մի քանի բանաձևի և Ասադին իր պաշտոնից հեռացնելու կոչերի ընդունումը:

ՄԱԿ-ի վերջերս հրապարակված տվյալների համաձայն, Սիրիայում չդադարող հակամարտության զոհ է գնացել առնվազն 93 հազար մարդ:
XS
SM
MD
LG