Մատչելի հղումներ

Մեդվեդևը պահանջել է բարեփոխել Ռուսաստանի ավիացիայի ոլորտը


Մեդվեդևը պահանջել է բարեփոխել Ռուսաստանի ավիացիայի ոլորտը
Մեդվեդևը պահանջել է բարեփոխել Ռուսաստանի ավիացիայի ոլորտը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի օրը կոչ է արել խորը բարեփոխումներ անցկացնել երկրի ավիացիայի ոլորտում:

Այս հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը հանդես է եկել երկրի լավագույն հոկեյի թիմերից մեկի մարզիկների զոհվելու պատճառ դարձած ավիավթարի վայրն այցելելու ժամանակ:

Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանը պետք է զգալիորեն նվազեցնի երկրում գործող ավիաընկերությունների թիվը, արագ արդիականացնի տեղական փոխադրումներ իրականացնող ընկերությունների օդանավերը և բարելավի թռիչքները սպասարկող անձնակազմի վերապատրաստման մակարդակը:

Ռուսատանի նախագահը հավելել է, որ եթե երկիրը չի կարող արտադրել հուսալի օդանավեր, ապա անհրաժեշտ կլինի գնել արտասահմանյան արտադրության օդանավեր:

Նախագահ Մեդվեդևը հինգշաբթի օրը կարգադրել է նաև իրականացնել ավիավթարի մանրամասն հետաքննություն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հոկեյի առաջատար թիմերից մեկը տեղափոխող «ՅաԿ-42» ինքնաթիռը չորեքշաբթի օրը կործանվել է Յարոսլավլ քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո:

Ռուսաստանի արտակարգ դրությունների նախարարության համաձայն, ինքնաթիռում գտնվել է 45 մարդ, որից 37-ը եղել են Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի անդամներ:

«Լոկոմոտիվ»-ի մարզիկներն ուղևորվում էին Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, որտեղ պետք է կայանար 2011 – 2012 թվականների սեզոնի բացման խաղը:

Վթարված ինքնաթիռում գտնվող թիմի կազմում կային նաև օտարերկրյա մարզիկների, որոնցից երեքը եղել են Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ:

Այս վթարը վերջինն է Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած և բազմաթիվ զոհերի պատճառ դարձած ինքնաթիռների և տրանսպորտային այլ միջոցների վթարների շարքում, որոնք ստիպել են Ռուսատանի իշխանությունները մեկնարկել երկրում գոյություն ունեցող ենթակառուցվածքի և անվտանգության միջոցների ուսումնասիրությունը:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:

«Ձեզ հետ միասին սգում եմ «Տունոշնա» օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրեց Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի խաղացողների և օդանավի անձնակազմի անդամների ողբերգական մահվանը», - ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում:

XS
SM
MD
LG