«Ռուսաստանը չի սատարի Սիրիայի նկատմամբ ուղղված ՄԱԿ-ի որևէ պատժամիջոցի ընդունումը»:
Այս հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ պատժամիջոցների ընդունումը «ոչ ազնիվ և անարդյունավետ» կլինի:
Արտգործնախարար Լավրովի համաձայն, Ռուսաստանը կողջունի Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված «կառուցողական ցանկացած առաջարկ», սակայն նշել է, որ ՄԱԿ-ի որևէ բանաձև չի կարող օգտագործվել այս երկրի դեմ ռազմական միջամտություն իրականացնելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ելույթում նշել է, թե «կասկած չունի», որ Սիրիայի կառավարությունը շուտով կհասկանա, որ «փոփոխությունների ուժերը հնարավոր չէ հետադարձել»:
Նախագահ Օբաման իր ելույթում ասել է նաև, որ Մերձավոր Արևելքի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը, և որ Միացյալ Նահանգները «դեմ է հանդես գալիս բռնություններին և ահաբեկչության՝ սատարելով բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը»: