Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ուլյանովսկի մարզում ՆԱՏՕ-ի տարանցիկ կայանի ստեղծման նախագիծը շուտով ներկայացվելու է երկրի կառավարության քննարկման:
ՆԱՏՕ-ի տարանցիկ կայանը ստեղծվելու է Աֆղանստան բեռներ առաքելու և զինծառայողների տեղափոխման նպատակով:
Հանդես գալով Ռուսատանի Պետական դումայում, Լավրովն ասել է, թե տարանցումը նախ և առաջ դիտարկվում է որպես Աֆղանստանում ահաբեկչական և թմրանյութային վտանգներն արմատախիլ անելու ուղղությամբ պայքար մղողներին աջակցություն ցուցաբերելու միջոց:
Ռուսաստանի արտգործնախարարի համաձայն, ՆԱՏՕ-ի տարանցիկ կայան ստեղծվելու մասին պայմանագրի նախագիծը բանական է: «Շահագրգռված ենք, որպեսզի Աֆղանստանի տարածքում Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծող վտանգները չեզոքացողներն արդյունավետ իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները», - ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է սակայն, որ նախագծի իրականացման դեպքում Ռուսաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զինծառայողների մշտական հիմքով ներկայություն չի նախատեսվում: