Մատչելի հղումներ

Ռուսաստանի վարչապետը պաշտպանել է «Թվիթեր»-ը


Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը խորհուրդ է տվել երկրի պաշտոնյաներին «միացնել ուղեղները»՝ սոցիալական կայքերի աշխատանքի դադարեցման մասին խոսելուց առաջ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խիստ քննադատության է ենթարկել Ռուսատանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովին, որը նախօրեին հանդես էր եկել Ռուսաստանում սոցիալական «Թվիթեր» կայքի աշխատանքի դադարեցման անխուսափելիության մասին հայտարարությամբ:

Վարչապետ Մեդվեդևը բավականին կտրուկ էր քննադատել պաշտոնային՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Որպես սոցիալական կայքերի ակտիվ օգտատեր համոզված եմ, որ Ռուսատանի օրենսդրության պահանջները պետք է կատարեն բոլորը՝ ինչպես սոցիալական կայքերն, այնպես էր օգտատերերը: Սակայն ոլորտի զարգացման համար պատասխանատու որոշ պաշտոնյաներ ժամանակ առ ժամանակ պետք է միացնեն իրենց ուղեղները: Եվ չտան սոցիալական կայքերի աշխատանքի դադարեցման մասին հայտարարող հարցազրույցներ»:

Ռուսաստանյան մամուլում նախօրեին հրապարակվել էր երկրի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Մակսիմ Կսենզովի հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարել էր Ռուսաստանում «Թվիթեր» կայքի աշխատանքի դադարեցման անխուսափելիության մասին:

Կսենզովը, բացի այդ, մեղադրել էր «Թվիթեր»-ի ղեկավարությանը իր գերատեսչության կարգադրությունների կատարումից հրաժարվելու մեջ:

«Տպավորություն է ստեղծվում, որ «Թվիթեր»-ը քաղաքական տեղեկատվության առաջ մղման գլոբալ գործիք է: Մեզ հետ փոխգործակցության մեջ նրանք իրենց լսարանն օգտագործում են որպես նպատակներին հասնելու միջոց: Հետևողականորեն հրաժարվելով մեր պահանջների իրականացումից՝ նրանք կանխամտածված ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնց դեպքում գրեթե անխուսափելի է դառնում մեր երկրի տարածքում այս ռեսուրսի արգելափակումը», - շեշտել էր Կսենզովը:
XS
SM
MD
LG