Մատչելի հղումներ

Ռուսաստանում անկախ ԶԼՄ չի մնացել. փորձագետներ


«Մեկուսացման մեջ գտնվելով՝ Պուտինի վարչակարգը երկար չի գոյատևի: Պուտինը խոսքեր չի հասկանում: Նա հասկանում է գործողություններ». «Հանրային փորձաքննություն» հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի լրագրողների կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Իգոր Յակովնեկո

Ռուսաստանի իշխանությունները կոպիտ խախտում են խոսքի ազատության իրավունքը՝ խախտելով երկրի Սահմանադրության դրույթները:

Նման կարծիք են արտահայտել Ռուսաստանի փորձագետները, որոնք «Ամերիկայի Ձայն»-ին ներկայացրել են իրենց տեսակետը երկրում համացանցային մի շարք կայքերի նախօրեին տեղի ունեցած արգելափակման շուրջ:

Հիշեցնենք, որ նախօրեին արգելափակվել են «kasparov.ru», «grani.ru», համացանցային «Ամենօրյա հանդես» հասարակական-քաղաքական պարբերականի «ej.ru» կայքերը, արգելափակվել է և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Նավալնիի բլոգը:

«Ամենօրյա հանդես» հասարակական-քաղաքական պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Գոլցի կարծիքով, լրատվամիջոցների կայքերի մուտքի արգելափակումը Ռուսաստանի իշխանությունների կողմից իրականացվող նպատակաուղղված քաղաքականություն է:

«Հանրային փորձաքննություն» հիմնադրամի ղեկավար Իգոր Յակովնեկոն, որը նախկինում եղել է Ռուսաստանի լրագրողների կոմիտեի գլխավոր քարտուղարը, ԶԼՄ-ների ոլորտում Ռուսաստանում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները «պետական լուռ հեղաշրջում» է որակել:

«Մեզ մոտ պարզապես դադարեցվել է ԶԼՄ-ների մասին օրենքի գործողությունը», - ասել է Յակովնեկոն՝ հավելելով. «Կարծում եմ, ամբողջ թափով նախապատրաստվում է պետական հերթական հեղաշրջում: Եվ ինչպես ցանկացած հեղաշրջում, այն սկսվում է լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող քաղաքականության արմատական փոփոխությունից»:

Իգոր Յակովենկոն հիշում է, որ 2000 թվականին Վլադիմիր Պուտինի իշխանության գլուխ անցնելը նշանավորվել էր «Էն-Տե-Վե» հեռուստաընկերության փակմամբ: Նրա համոզմամբ, Ռուսաստանում անկախ ԶԼՄ արդեն չի մնացել:

«Վարչակարգն այժմ ուրիշ փուլ է անցնում: Այս փուլն անկեղծորեն ֆաշիստական է, առկա են բոլոր նշանները: Ոչ ոք արդեն չի զարմանում Հիտլերի հետ Պուտինի համեմատությունը: Ըստ էության, Ռուսաստանում լրատվամիջոցների ազատությունը վերացվում է», - համոզված է Յակովենկոն, որի համաձայն դա կապված է Ռուսաստանի վարչակարգի որակական փոփոխությունների հետ, որոնց վերջին դրսևորումներից են խոսքի ազատության դադարեցումը, դեպի ԶԼՄ-ներ մուտքի արգելափակումը և ագրեսիան Ուկրաինայում:

«Եթե Արևմուտքի պետությունները կարողանան կյանքի կոչել իրենց կողմից հռչակված նպատակները, այդ թվում՝ Ռուսաստանի անխտիր բոլոր ղեկավարների հաշիվների փակումը, դա կարող է ազդեցիկ լինել: Մեկուսացման մեջ գտնվելով՝ Պուտինի վարչակարգը երկար չի գոյատևի: Պուտինը խոսքեր չի հասկանում: Նա հասկանում է գործողություններ», - ասել է «Հանրային փորձաքննություն» հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի լրագրողների կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Իգոր Յակովնեկոն:
XS
SM
MD
LG