Մատչելի հղումներ

Ռուսաստանը Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու հույս է հայտնել


«Վրաստանի հասարակությունը քվեարկել է՝ հօգուտ փոփոխությունների»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հնարավոր կդառնա բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները:

Արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշևվիչը չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ «Վրաստանի հասարակությունը քվեարկել է՝ հօգուտ փոփոխությունների»:

Լուկաշևվիչը հույն է հայտնել, որ Վրաստանը քայլեր կձեռնարկի «հարևանների հետ հարաբերությունների բարելավման, ինչպես նաև կառուցողական և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեքշաբթի օրը ընդունել է երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում իր գլխավորած իշխող կուսակցության պարտությունը:

Հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ նախագահ Սահակաշվիլին խոստացել է օժանդակել ընդդիմությանը՝ նոր կառավարություն կազմելու գործում:

Միխեիլ Սահակաշվիլին մնալու է Վրաստանում իշխանության գլուխ մինչև նախագահական ժամկետի ավարտը: Նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, երկրի փոփոխված սահմանադրության համաձայն, նախագահական լիազորությունների մեծ մասը կանցնի դեռևս չընտրված վարչապետին:

Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որը վարչապետ դառնալու հույսեր ունի, ասել է, թե աշխատելու է սերտ համագործակցություն հաստատել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Նա նշել է նաև, որ չի փոխելու Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի բռնած ուղղությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրությունում Միացյալ Նահանգները շնորհավորել է Վրաստանի ժողովուրդը խորհրդարանական հաջող ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:

Իվանիշվիլիին «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ վերջինիս շնորհավորել է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
XS
SM
MD
LG