Մատչելի հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել Քեսաբում իրավիճակի շուրջ հայտարարությամբ


«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի իրավիճակը Քեսաբում ու սկզբունքային գնահատականի արժանացնի այս իրադարձությունները»,

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես է եկել Սիրիայի Քեսաբ քաղաքի շուրջ իրավիճակի զարգացման վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է Սիրիայում ծայրահեղականների կողմից գործած դաժանությունները՝ նշելով, որ Քեսաբում ստեղծված իրավիճակը պետք է դրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման:

Հայտարարության մեջ ասված է, որ արդեն մի քանի օր է, ինչ միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպության ուշադրությունն ուղղված է Թուրքիայի հետ սահմանամերձ, Սիրիայի հյուսիս-արևմուտքում Լաթաքիա քաղաքից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քեսաբ քաղաքի վրա:

«Ստացվող տվյալների համաձայն, Քեսաբ քաղաքի շրջանը, որտեղ հարյուրամյակներ շարունակ՝ սկսած Կիլիկիո Հայոց թագավորության գոյության ժամանակից, բնակվում են հայերը, ենթարկվել է «ալ-Քաիդա»-ի հետ կապված՝ մի քանի հազար զինվալներից բաղկացած ծայրահեղական «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների հարձակումների: Ընդ որում անհրաժեշտ է նշել, որ հայերով բնակված այս տարածքում, որի ուղղությամբ իրականացվել են մարդասպանների և բռնարարների միջազգային հանցախմբի հարձակումները, չկար ռազմական որևէ հաստատություն: Ջիհադիստների հետապնդումներից իրենց տները լքելով փախուստի դիմած 700 ընտանիքների միակ մեղքը կայանում էր Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությանը հավատարիմ լինելու մեջ: Այս մարդիք այժմ ապաստան են գտել իրենց բարեկամների և Լաթաքիայի քրիստոնեական տարբեր հարանվանություններին պատկանող տաճարներում», - ասված է հաղորդագրության մեջ:

Քեսաբում իրավիճակի շուրջ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև «YouTube» կայքում հրապարակված տեսանյութին, որտեղ, ըստ որոշ հաղորդագրությունների, պատկերված է Քեսաբում հայերի սպանդը:

«Նույնիսկ, եթե, ըստ որոշ աղբյուրների, այս տեսանյութում պատկերված է ոչ թե Քեսաբում հայերի սպանությունը, այլ զինյալների կողմից Սիրիայի բանակի զինծառայողների դաժան դատաստանը, ապա դրանից այս հանցագործությունը պակաս զարհուրելի չի դառնում», - ասված է հաղորդագրության մեջ:

«Վճռականորեն դատապարտում ենք Սիրիայում ծայրահեղականների կողմից իրականացվող վայրագությունները: Կարծում ենք, որ Լոխ-Էրնում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի որոշումը` Սիրիայի տարածքում ահաբեկչության, ծայրահեղականների ջախջախման և վտարման նպատակով Սիրիայի կառավարության և ընդդիմության ջանքերի միավորմանը հասնելու վերաբերյալ, ներկայիս պայմաններում հատուկ հրատապություն է ձեռք բերում: Այս ուղղությամբ գործնական քայլերը մինչև Սիրիայում «անցումային կառավարման մարմնի» ստեղծումը հետաձգելուն ու, առավել ևս, ահաբեկիչների գործողություններն արդարացնելուն ուղղված բոլոր քայլերը միանգամայն անընդունելի են: Գործել անհրաժեշտ է անհապաղ», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի իրավիճակը Քեսաբում ու սկզբունքային գնահատականի արժանացնի այս իրադարձությունները», - եզրափակում է Քեսաբի շուրջ իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը:
XS
SM
MD
LG