Մատչելի հղումներ

Ռուսաստանի կործանիչը մոտ 30 մետր հեռավորության վրա է մոտեցել ԱՄՆ-ի օդանավին. Պենտագոն


«Չենք կարող ասել, թե ինչի մասին էր մտածում օդաչուն, սակայն ամերիկյան օդանավի անձնակազմի համար տեսանելի էր եղել այն, որ կործանիչը զինված էր», - ասել է Պենտագոնի խոսնակ, գնդապետ Ուորենը

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կործանիչ օդանավը մոտ 30 մետր հեռավորության վրա է մոտեցել Ճապոնիայից դեպի հյուսիս թռիչք կատարած ԱՄՆ-ի հետախուզական օդանավի առջևի մասին:

Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը, որի համաձայն այս տարվա ապրիլի 23-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում Ռուսաստանի օդուժի «Սու-27» կործանիչը մոտեցել էր Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին պատկանող «Ար-Սի-135 Յու» օդանավին, որը կանոնավոր թռիչք էր կատարում Օխոտսկի ծովի միջազգային ջրերի վրայով:

Պենտագոնի խոսնակ, գնդապետ Ստիվ Ուորենի համաձայն, Ռուսաստանի կործանիչի հետ որևէ ռադիոկապ չէր հաստատվել, սակայն ԱՄՆ-ի օդանավի մոտենալուն պես կործանիչը թեքվել էր՝ անցնելով ԱՄՆ-ի օդանավի վրայով:

«Չենք կարող ասել, թե ինչի մասին էր մտածում օդաչուն, սակայն ամերիկյան օդանավի անձնակազմի համար տեսանելի էր եղել այն, որ կործանիչը զինված էր», - ասել է գնդապետ Ուորենը:

Ըստ Պենտագոնի խոսնակի՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը և ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին մասնավոր կերպով իրենց մտահոգությունն են արտահայտել Մոսկվային՝ այդ ժամանակ գերադասելով հրապարակայնորեն չքննարկել միջադեպը:
XS
SM
MD
LG