Մատչելի հղումներ

Ռուսաստանը հերքում է Սնոուդենի մուտքն իր տարածք


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սնոուդենը չի հատել Ռուսաստանի սահմանը

Ռուսաստանի իշխանությունները հերքում են Էդվարդ Սնոուդենի մուտքը երկրի տարածք՝ ուժեղացնելով կասկածներ Միացյալ Նահանգների կողմից որոնվող պայմանագրային նախկին աշխատողի գտնվելու վայրի մասին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասել է, որ Սնոուդենը չի հատել Ռուսաստանի սահմանը:

Լավրովը, բացի այդ, հերքել է Սնոուդենի տեղաշարժի ծրագրի մեջ որևէ մասնակցություն ունենալը և որպես «անհիմն ու անընդունելի» է անվանել Միացյալ Նահանգների կողմից Մոսկվային ուղղված քննադատությունը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին նախօրեին պահանջել էր, որպեսզի Ռուսաստանը Միացյալ Նահանգներին փոխանցի Սնոուդենին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում կարող են լինել բացասական զարգացումներ:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը, բացի այդ, քննադատության է ենթարկել Պեկինին՝ նշելով, թե Չինաստանի իշխանությունները «դիտավորյալ կերպով» են թույլ տվել Սնոուդենին հեռանալ Չինաստանի վերահսկողության տակ գտնվող Հոնկոնգի տարածքից՝ չնայած վերջինիս նկատմամբ արձակված ձերբակալության կարգադրության: Սպիտակ տան համաձայն, այս քայլը «անկասկած» վնաս կհասցնի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերություններին:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը երեքշաբթի օրը նույնպես անհիմն ու անընդունելի է անվանել Միացյալ Նահանգների մեղադրանքները՝ հավելելով, որ Հոնկոնգի իշխանությունների կողմից այս հարցին «օրենքի պահանջներին համապատասխան չվերաբերվելու մեղադրանքները խելամիտ չեն»:
XS
SM
MD
LG