Մատչելի հղումներ

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ ՄԶԳ-ին քաղաքական ներգործության փորձեր կատարելու մեջ


Ռուսաստանի արտգործնախարարություն. «ԱՄՆ ՄԶԳ-ը կատարել է դրամաշնորհներ տրամադրելու միջոցով ներքին քաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու փորձեր»

Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունը ներքին քաղաքականության վրա ազդեցություն գործելու նպատակով օգտագործելու մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից չորեքշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ը «կատարել է դրամաշնորհներ տրամադրելու միջոցով ներքին քաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու փորձեր»:

Երկրի արտգործնախարարության համաձայն, ԱՄՆ ՄԶԳ-ը Ռուսաստանում իր գործունեությունը պետք է դադարեցնի մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը երեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ Ռուսատանի իշխանություններն անցյալ շաբաթ նամակ են հղել՝ ասելով, որ Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող օգնության անհրաժեշտություն այլևս չկա:

Արտգործնախարարության խոսնակ Նուլանդը չի քննադատել Կրեմլի քայլը, սակայն հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն աշխատանքն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ:

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը աշխատել է Ռուսաստանում Խորհրդային Միության փլուզման ժամանակից, որի ընթացքում իրականացրել է ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարի, հաշմանդամների օգնության, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված աշխատանքներ:

Գործակալությունը աշխատանքներ է տարել նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:

Մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ը Ռուսաստանում իրականացված ծրագրերի վրա ծախսել է 2,7 միլիարդ դոլար, ևս 50 միլիոն դոլար նախատեսում էր ծախսել այս տարի:
XS
SM
MD
LG