Ռուսաստանում շարունակվում են նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում, մեծ հավանականությամբ, նախագահի աթոռանիստ կվերադառնա Վլադիմիր Պուտինը։
Քվեարկության ընթացքին են հետեւում ավելի քան 2ՕՕ հազար կամավորներ, հույս ունենալով խուսափել այն մեղադրանքներից, որոնցով ընդդիմությունը հանդես էր գալիս դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններից հետո։
6ՕՕ հազար այլոք գրանցվել են ինտերնետի միջոցով 1ՕՕ հազար տեղամասերում անցկացվող քվեարկությանը հետեւելու համար։
Հիշեցնենք, որ Պուտինը նախագահի պարտականությունն էր կատարել 2ՕՕՕ-ից մինչեւ 2ՕՕ8 թվականը, որից հետո սահմանադրությունը թույլ չէր տվել ընտրվել երրորդ անգամ անընդմեջ։
Նախքան ընտրություններն անցկացված հարցումների համաձայն, Պուտինը կստանա ձայների 62 տոկոսը, ինչը բավարար է ընտրությունների երկրորդ փուլից խուսափելու համար։
Իսկ այս օրերին՝ խորհրդարանական դեկտեմբերյան ընտրություններում խախտումների եւ երկիրը Պուտինի կողմից եւս 12 տարի կառավարելու հնարավորության դեմ բողոքելով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ռուսաստանում տեղի են ունեցել բազմահազարանոց բազում ցույցեր։
Հիշեցնենք, որ այս պայքարում Պուտինի մրցակիցներն են Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը, ազգայնական Վլադիմիր Ժիրինովսկին, միլիարդատեր Միխաիլ Պրոխորովը եւ Սերգեյ Միրոնովը, որը 2ՕՕ4 թվականի ընտրություններում հայտնվել էր վերջին տեղում։
Երկուշաբթի օրը նախատեսված են մեծ ցույցեր Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում։