Մատչելի հղումներ

«Նավթագազային բռնակալներն իրենց անպատիժ են զգում». «Լրագրողներ առանց սահմանների»


Ըստ «Մամուլի ազատության ցուցիչ 2014» զեկույցի, Հայաստանը զբաղեցրել է 78-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 4 կետի հետընթաց

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը, որտեղ նշվել է, որ նախկին Խորհրդային Միության այն պետությունները, որտեղ իրականացվում են մամուլի ազատության ամենակոպիտ խախտումները՝ Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը, միջազգային հանրության կողմից ենթարկվում են շատ քիչ ճնշման հենց այս պատճառով, որ այս պետություններում առկա են նավթի և գազի մեծ պաշարներ, ինչպես նաև խողովակաշարեր:

«Նրանք բավական հարուստ են՝ անձեռնմխելի զգալու համար, և, բացի այդ, նրանց նկատմամբ բարյացակամ են տրամադրված՝ ռազմավարական նշանակություն ունենալու պատճառով: Այսպիսով, նրանք այս ընթացքում խիստ վերահսկողության տակ են պահում լրատվամիջոցները և բանտ են նետում չենթարկվող լրագրողներին՝ որևէ պատասխանատվություն չկրելով նման գործողությունների համար», - ասված է կազմակերպության կողմից հրապարակված «Մամուլի ազատության ցուցիչ 2014» զեկույցում:

Ըստ «Մամուլի ազատության ցուցիչ 2014» զեկույցի, Հայաստանը զբաղեցրել է 78-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 4 կետի հետընթաց:

Զեկույցում Վրաստանն այս տարի զբաղեցրել է 84-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատությամբ բարելավելով իր դիրքերը 16 կետով: Մոլդովան զբաղեցրել է 56-րդ, իսկ Ղրղզստանը՝ 97-րդ տեղերը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության ցուցիչ 2014» զեկույցում նշված է, որ Մոլդովան Վրաստանը, Հայաստանն ու Ղրղզստանը, անցյալ տարվա զեկույցի նման, ամենալավ ցուցանիշներն են գրանցել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում:

Զեկույցում նշված է, որ թեև այս երկրները տարբեր տեղեր են զբաղեցրել, այնուամենայնիվ այս պետություններում առկա է զգալի բազմակարծություն և պետության գրաքննության համեմատաբար ցածր մակարդակ:

«Լրատվամիջոցներում և լրագրողների համար ստեղծված մթնոլորտում սակայն առկա է սոցիալական զգալի բևեռացում, ինչի պատճառով լրագրողներին հաճախակի ահաբեկում են ճնշման խմբերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրատվամիջոցների քաղաքական ուղղվածությունը հիմնականում համընկնում է իրենց սեփականատերերի քաղաքական ուղղվածության հետ, լրատվամիջոցների խմբագրական ազատության նկատմամբ հարգանքը դեռևս սահմանափակ է», - ասված է զեկույցում:

Անդրադառնալով Հայաստանում և Վրաստանում մամուլի ազատության հետ կապված իրավիճակին՝ զեկուցում նշված է, որ 2013 թվականին Վրաստանում և Հայաստանում անցկացված ընտրություններն «ավելի հանգիստ էին, քան նախորդ տարիների ընթացքում անցկացված ընտրությունները:

«Հայաստանում պետական հեռահաղորդակցման մարմնում գրանցվել է առաջընթաց անկողմնակալության հարցում, սակայն ընտրական մթնոլորտում սրվել է տեղեկատվական պատերազմը մասնավոր սեփականություն հանդիսացող լրատվամիջոցներում՝ պատերազմ, որտեղ իշխանությունները հստակ առավելություն ունեն», - նշված է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության ցուցիչ 2014» զեկույցում:

«Մամուլի ազատության ցուցիչ 2014» զեկույցում նշված է նաև, որ այս տարի աշխարհում մամուլի ազատության զգալի նվազում է արձանագրվել մի շարք պետություններում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

Այսպես, Միացյալ Նահանգներում մամուլի ազատության ցուցիչն անցյալ տարվա համեմատությամբ նվազել է 13 կետով, ինչի հետևանքով ԱՄՆ-ը զեկույցում զբաղեցրել է 46-րդ հորիզոնականը, իսկ Մեծ Բրիտանիայի դիրքը նվազել է 3 կետով՝ հասնելով 33-ի՝ հիմնականում «Գարդիան» պարբերականի նկատմամբ իրականացված ահաբեկման պատճառով:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության առաջատար հետազոտող Լյուսի Մորիլոնի, «այս տարի որոշ պետությունների, ներառյալ ժողովրդավարական պետությունների, ցուցանիշների վրա զգալի ազդեցություն է գործել ազգային անվտանգության պաշտպանության չափազանց լայն սահմանումը, ինչի հետևանքով թույլ են տրվել չարաշահումներ»:

Լյուսի Մորիլոնը, բացի այդ, նշել է, որ աշխարհում մամուլի ազատության ցուցիչն արտացոլում է նաև այն ազդեցությունը, որը զինված հակամարտությունները գործում են տեղեկատվության ազատության և այս ոլորտում գործող անձանց վրա:

«Մամուլի ազատության ցուցիչ 2014»-ում այս տարի ընդգրկվել է 180 պետություն: Ցուցիչում ընդգրկված նոր պետությունը Բելիզն է, որը «զբաղեցնում է նախանձելի 29-րդ հորիզոնականը»:

Մամուլի ազատության զեկույցում նախորդ տարվա պես առաջին տեղերում են Ֆինլանդիան, Նիդերլանդներն ու Նորվեգիան:

Աշխարհում մամուլի ազատության ամենացածր ցուցանիշներ են գրանցել Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:

«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցի համաձայն, մամուլի ազատության ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցրել է 148-րդ տեղը:
XS
SM
MD
LG