Մատչելի հղումներ

Միթ Ռոմնին պարտավորվել է վերականգնել «Ամերիկայի խոստումը»


Ռոմնիի խոսքերով, նախագահ ընտրվելու դեպքում նա կիրականացնի երկրի տնտեսությունը վերականգնելուն ուղղված հինգ քայլից բաղկացած ծրագիր և կստեղծի 12 միլիոն աշխատատեղ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Միթ Ռոմնին ընդունել է իր կուսակցության կողմից իրեն նախագահական թեկնածու նշանակելու առաջարկը՝ խոստանալով «վերականգնել Ամերիկայի խոստումը»:

Միթ Ռոմնին հինգշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել ուղերձով՝ դիմելով ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության հանրագումարի մասնակիցներին և Միացյալ Նահանգների միլիոնավոր բնակիչներին:

Իր ելույթի ընթացքում Ռոմնին ասել է, թե շատ կցանկանար, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, և նրա հետ միասին՝ Ամերիկան հաջողության հասներ:

«Նախագահն իր խոստումների փոխարեն հուսախաբություն և տարաձայնությունների պատճառն է դարձել, իսկ Ամերիկան ավելիին է արժանի», - ասել է Ռոմինին՝ հավելելով. «Այս նախագահն ասում է մեզ, որ սա մեկ ուրիշի մեղքն է: Այս նախագահը կարող է մեզ ասել, որ գալիք չորս տարվա ընթացքում նա ամեն ինչ կշտկի: Նախագահը սակայն չի կարող ասել, որ այսօր ձեր կյանքն առավել բարեկեցիկ է դարձել՝ համեմատած այն ժամանակի հետ, երբ չորս տարի առաջ ինքը ստանձնել է իր պաշտոնը»:

Ռոմնիի խոսքերով, նախագահ ընտրվելու դեպքում նա կիրականացնի երկրի տնտեսությունը վերականգնելուն ուղղված հինգ քայլից բաղկացած ծրագիր և կստեղծի 12 միլիոն աշխատատեղ:

Հանրապետականների նախագահական թեկնածուն խոստացել է նաև, որ դիվանագիտության դաշտում ինքը կլինի «պակաս ճկուն և առավել սկզբունքային»՝ միաժամանակ պահպանելով հավատարմությունը ԱՄՆ-ի դաշնակիցներին, մասնավորապես՝ Իսրայելին:

Միթ Ռոմնին իր ուղերձում դիմել է նաև կին ընտրողներին՝ ժողովրդագրական այն հատվածին, որի հետ կապ հաստատելու գործում ինքն ունեցել է ամենամեծ խնդիրները: Նա գովասանքի խոսքեր է ուղղել համագումարն այցելած կին առաջնորդներին, հիշեցրել է նաև, որ Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ փոխնահանգապետը, նահանգապետի աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև նահանգում բարձրաստիճան պաշտոնյաների կեսը զբաղեցրել են կանայք:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից տասը շաբաթ առաջ անցկացվող հասարակության կարծիքի հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները այս ընտրություններում հաղթանակ տանելու գրեթե հավասար հնարավորություն ունեն: Ընտրողների կարծիքով, Ռոմնին կարող է առավել լավ աշխատանք կատարի՝ երկրի տնտեսությունը վերականգնելու առումով, սակայն նրանք ավելի մեծ հավանություն են տալիս նախագահ Օբամայի թեկնածությանը:
XS
SM
MD
LG