Մատչելի հղումներ

Ռոմնին ծաղրել է Չինաստանին


Պեկինը նման հայտարարությունները «անպատասխանատու և քաղաքական դրդապատճառներ ունեցող» է որակել

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահական թեկնածու Միթ Ռոմնին շարունակել է կոշտ արտահայտություններով հանդես գալ Չինաստանի հասցեին՝ ծաղրելով այս երկրի դեպի Լուսին մարդ ուղարկելու ծրագրերը:

Ֆլորիդա նահանգում անցկացված նախընտրական միջոցառման ժամանակ ունեցած իր ելույթում Ռոմնին անդրադարձել է նաև 2012 թվականի օլիմպիական խաղերի ընթացքում Միացյալ Նահանգների հավաքականի ունեցած հաջողությանը, որը մեդալների ընդհանուր թվով երկրորդ տեղը զբաղեցրած Չինաստանի հավաքականից օլիմպիական 16 պարգև ավելի է նվաճել:

«Այս երկիրը դեռևս երկրագնդի երեսին ամենամեծ երկիրն է: Գիտեմ, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր մշտապես քննադատության են ենթարկում Ամերիկան, միշտ բացասական ասելիք ունեն, նշում են, որ մեր փառահեղ օրերն անցյալում են: Սա անհեթեթություն է: Մենք հենց նոր վաստակեցինք ավելի մեծ թվով օլիմպիական մեդալներ, քան երկրագնդի վրա որևէ այլ պետություն: Ինքներդ նոր տեսաք, որ վայրէջք ենք կատարել Մարս մոլորակի վրա և այժմ դիտում ենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Ես գիտեմ, որ չինացիները նախատեսում են մարդ ուղարկել դեպի Լուսին, և հուսով եմ, որ դա նրանց կհաջողվի: Հուսով եմ նաև, որ այնտեղ կանգ կառնեն և կնայեն այս մոլորակի վրա 43 տարի առաջ մեր կողմից թողած դրոշին», - ասել է Միթ Ռոմնին:

Նախընտրական իր արշավի ընթացքում Ռոմնին կոշտ դիրք է զբաղեցրել այն հարցերում, որոնք վերջերս բարդություններ են առաջացրել Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև հարաբերություններում, ներառյալ առևտրի, մտավոր սեփականության և դրամի արժեքի վերաբերյալ հարցերը:

Պեկինը նման հայտարարությունները «անպատասխանատու և քաղաքական դրդապատճառներ ունեցող» է որակել՝ նշելով, որ դրանք կարող են վատթարացնել հարաբերությունները աշխարհում խոշորագույն տնտեսությունն ունեցող երկու պետությունների միջև:
XS
SM
MD
LG