Մատչելի հղումներ

Միթ Ռոմնին մեկնարկել է միջազգային շրջագայությունը


Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնիին վերջերս քննադատության են ենթարկել բրիտականակ «Դեյլի Թելեգրֆ» պարբերականում հրապարակված հոդվածի կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահական հնարավոր թեկնածու Միթ Ռոմնին հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հետ՝ մեկնարկելով միջազգային իր շրջագայությունը: Այս շրջագայության ընթացքում Ռոմնին նախատեսում է այցելել երեք պետություն:

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուն Մեծ Բրիտանիայում գտնվելու ընթացքում հանդիպումներ կանցկացնի երկրի փոխվարչապետ Նիք Քլեգի և նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ: Ռոմնին կմասնակցի նաև 2012 թվականի Օլիմպիական խաղերի բացմանը, որից հետո կմեկնի Իսրայել, ապա՝ Լեհաստան:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնիին վերջերս քննադատության են ենթարկել բրիտականակ «Դեյլի Թելեգրֆ» պարբերականում հրապարակված հոդվածի կապակցությամբ: Հոդվածում մեջ են բերվել Ռոմնիի չնշված խորհրդատուներից մեկի խոսքերը, որի համաձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, լինելով Միացյալ Նահանգների սևամորթ առաջին նախագահը, լիարժեք չի գնահատում «անգլո-սաքսոնական համատեղ ժառանգությունը», որն «ընդգծում է» Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև ձևավորված հարաբերությունները:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը «անընդունելի» է անվանել Ռոմնիի շրջագայությանն ընդառաջ արված նման արտահայտությունները:

Ամերիկյան «Էն-Բի-Սի Նյուզ» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում Ռոմինին ասել է, որ երկու պետությունները՝ ԱՄՆ-ը ու Մեծ Բրիտանիան, «սերտորեն կապված» են միմյանց հետ և հույս է հայտնել, որ նախագահ Օբաման կիսում է իր այս կարծիքը:
XS
SM
MD
LG