Մատչելի հղումներ

Ինդոնեզիայի փրկարարները հայտնաբերել են ռուսական օդանավի մնացորդները


Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են մեկ օր առաջ ռադարների էկրաններից անհետացած ռուսական օդանավի մնացորդները հայտնաբերելու մասին: Ինքնաթիռը տեղափոխում էր 50 մարդ:

Ինդոնեզիայի օդուժի պաշտոնյաները հինգշաբթի օրը հայտնել են, որ փրկարար ուղղաթիռները երկրի մայրաքաղաք Ջակարտայից դեպի հարավ գտնվող լեռնային շրջանի ժայռերից մեկի վրա են հայտնաբերել «Սուխոս Սուպերջեթ 100» ինքնաթիռի մնացորդները:

Ինքնաթիռի ուղևորների ճակատագիրը դեռևս անհայտ է:

Ջակարտայի Հալիմ օդանավակայանից չորեքշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 14:00-ին օդ բարձրացած օդանավի որոնողական աշխատանքներին խանգարել է վատ եղանակը: Սպասվում էր, որ ինքնաթիռը պետք է օդանավակայան վերադառնար մեկ ժամից պակաս ժամանակում, սակայն գրանցվել էր թռիչքի բարձրության կտրուկ անկում՝ 3 հազարից մինչև 1800 մետր, որից հետո ավիադիսպետչերների հետ կապն ընդհատվել էր:

Ռուսաստանում արտադրվող այս նոր ինքնաթիռը վերջերս ցուցադրական թռիչքներ է կատարել Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրներում, ներառյալ Ղազախստանը, Պակիստանն ու Բիրման: 2008 թվականին շահագործման հանձնվելուց հետո «Սուպերջեթ 100»-ն ընդհանուր առմամբ կատարել է 6,5 հազար ժամի թռիչք:

«Սուպերջեթ 100» մակնիշի օդանավերն շահագործվում են Ռուսաստանի ամենախոշոր՝ «Աերոֆլոտ» և հայկական «Արմավիա» ավիաընկերությունների կողմից:

XS
SM
MD
LG