Մատչելի հղումներ

Իրանում կախաղան է հանվել լրտեսության մեջ մեղադրվող երկու մարդ


Նրանք մեղադրվել էին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և «Մոսադ»-ի հետ համագործակցության մեջ

Իրանի իշխանություններն ի կատար են ածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական գործակալությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող երկու անձի մահապատիժը:

Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության համաձայն, Մոհամադ Հեյդարին մեղադրվել էր Իսրայելի «Մոսադ» գործակալության Իրանի անվտանգության հետ կապված գաղտնի տեղեկությունների փոխանցման մեջ: Խուրոշ Ահմադին մեղադրվել էր Միացյալ Նահանգների ԿՀՎ-ի համար տեղեկությունների հավաքման մեջ:

Մեղադրյալները, ըստ «Ֆարս» տեղեկատվական գործակալության, կախաղան էին հանվել կիրակի օրվա լուսադեմին:

Հեյդարիի և Ահմադիի մահապատժի մասին վճիռը կայացվել է Թեհրանի հեղափոխական դատարանի կողմից և հաստատվել երկրի Գերագույն դատարանով: Հաղորդագրության մեջ սակայն չի ասված, թե երբ և որտեղ է տեղի ունեցել մեղադրյալների ձերբակալությունը կամ դատավարությունը:

Իրանը նախկինում հայտարարել էր, թե կարողացել է հաջողությամբ հայտնաբերել և ոչնչացնել երկրի ներսում գործող լրտեսական ցանցերը՝ մեղադրելով Արևմուտքի լրտեսական գործակալություններն ու «Մոսադ»-ը միջուկային վիճահարույց իր ծրագրի վրա աշխատող գիտնականների սպանությունն իրականացնելու մեջ:

Միացյալ Նահանգները սակայն հերքել է սպանությունների մեջ իր ներգրավվածությունը: Իսրայելը որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:
XS
SM
MD
LG