Մատչելի հղումներ

«Ռուսաստանից Սիրիա հրթիռները կարող են հասնել միայն մի քանի ամսից»


Ռուսաստանը «Ս-300» զենիթային համալիրների առաքումը Սիրիա կկարողանա իրականացնել այս տարվա սեպտեմբեր ամսից ոչ շուտ

Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի աղբյուրներից մեկը հայտնել է, որ «Ս-300» համալիրները դեռևս չեն առաքվել Սիրիա, և դրանք առաքումը հնարավոր կլինի իրականացնել միայն մի քանի ամսից:

Երկրի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զենիթային ժամանակակից համալիրները հնարավոր կլինի առաքել Սիրիա այս տարվա սեպտեմբեր ամսից ոչ շուտ:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախօրեին նշել էր, թե նոր զենքեր է ստացել Ռուսաստանից, և խոստացել վրեժխնդիր լինել Իսրայելի նկատմամբ, եթե վերջինս ապագայում օդային հարձակումներ իրականացնի Սիրիայի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ:

Իսրայելը մտահոգություն ունի, որ իր օդային տարածքը կարող է ընկնել ռուսական արտադրության հրթիռների գործողության շառավիղի մեջ, ինչպես նաև սահմանափակել Սիրիայի իշխանությունների կողմից «Հեզբոլլահ»-ին տրամադրվող սպառազինությունների առաքումը կասեցնելու նպատակով օդային հարձակումներ կատարելու Իսրայելի կարողությունը:

Ռուսաստանն ավելի վաղ խոստացել էր չդադարեցնել Սիրիային «Ս-300» զենիթային համալիրների առաքման ծրագրերը՝ ասելով, թե դրանք կնպաստեն, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմում արտաքին որևէ ուժեր չմիջամտեն:
XS
SM
MD
LG