Մատչելի հղումներ

Թուրքիայում կոնգրեսական Շիֆը բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության, Հայաստանի շրջափակման և Քեսաբի բնակիչների տառապանքների խնդիրները


«Հայոց ցեղասպանության պատմական փաստերը հաստատելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը նման է Հրեական ողջակիզման փաստը հաստատելու նպատակով հանձնաժողով ստեղծելու կարիքի մասին առաջարկության». կոնգրեսական Շիֆ

«Մերձավոր Արևելքի և Ասիայի պետություններ ահաբեկչության, պետական անվտանգության և Սիրիայում պատերազմի հարցերի քննարկման նպատակով ուղևորված ԱՄՆ-ի պատվիրակության կազմում ընդգրկված կոնգրեսական Ադամ Շիֆն առանձին հանդիպումներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլլահ Գյուլի և Թուրքիայի պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»:

Թուրքիայի վարչապետի հետ ունեցած հանդիպման ընթացքում, ըստ Կալիֆորնիա նահանգից կոնգրեսական Ադամ Շիֆի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության, կոնգրեսականն առարկել է վարչապետ Էրդողանի կողմից վերջին հարցազրույցներից մեկում արտահայտված կարծիքն այն մասին, որ քանի որ Թուրքիայում ներկայում բնակվում են Հայոց ցեղասպանությունը վերապրած հայեր, ապա այնտեղ ցեղասպանություն չէր կարող տեղ ունենալ:

«Դա նույնն է, ինչ ասել, որ եթե Եվրոպայում բնակվող որոշ հրեաներ փրկվել են մահից, ապա Հրեական ողջակիզում տեղի չի ունեցել» - Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ասել է կոնգրեսական Շիֆը:

Ադամ Շիֆը, բացի այդ, հարցականի տակ է դրել ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետի կողմից Թուրքիայում 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ բաց քննարկում ծավալելու մասին արված կոչերը, քանի որ, ըստ կոնգրեսականի, նման քննարկում ծավալելու հնարավորությունը բացակայում է այն պատճառով, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ լինելու մասին համոզվածություն արտահայտելու դեպքում Թուրքիայում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, պատմաբանները, լրագրողները և շարքային քաղաքացիները դեռևս դեմ առ դեմ են կանգնում պաշտոնազրկման, ահաբեկման, դատական հետապնդման և բռնությունների վտանգի առջև:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ կոնգրեսական Շիֆն ասել է, որ ցանկանում է բարձրաձայնել այն, ինչ կցանկանային բարձրաձայնել նախագահ Գյուլի հետ հանդիպման հնարավորություն չունեցող հայազգի տասնյակ հազարավոր իր ընտրողների կարծիքը:

«Իմ 80 հազար հայազգի ընտրողների շրջանում չկա որևէ մեկը, որի վրա ազդեցություն գործած չլիներ Հայոց ցեղասպանությունը», - նախագահ Գյուլի հետ հանդիպման ընթացքում ասել է կոնգրեսական Շիֆը: - «Նրանցից յուրաքանչյուրը կորցրել է ծնող, տատ կամ պապ, մերձավորներ, քույրեր և եղբայրներ, ամբողջ ընտանիքներ: Նրանց ցավն իրական է, վերքերը՝ բաց, դրանք հեռավոր անցյալի հուշեր չեն: Ձեր կողմից և վարչապետ Էրդողանի կողմից արված հայտարարություններն այն մասին, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերը տուժել են, սակայն տուժել են նաև թուրքերը, նման է ասելուն, թե գերմանացիները նույնպես տառապել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Ճշմարիտ է, որ զոհվել են ազգությամբ գերմանացի քաղաքացիական բազմաթիվ անձինք, շատերը՝ խաղաղ բնակիչներ, սակայն այս հանգամանքը չի հերքում Հրեական ողջակիզման փաստը նույնպես, ինչպես ազգությամբ թուրք բազմաթիվ անձանց մահը չի կարող հերքել Հայոց ցեղասպանությունը»:

«Ձեր կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստերը հաստատելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկությունը նման է Հրեական ողջակիզման փաստը հաստատելու նպատակով հանձնաժողով ստեղծելու կարիքի մասին առաջարկության», - շեշտել է կոնգրեսական Շիֆը՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ-ի կոնգրեսական Շիֆը Թուրքիա կատարված այցի ընթացքում բարձրացրել է նաև Քեսաբի խնդիրը և այնտեղի հայկական պատմական համայնքը էվակուացնելու անհրաժեշտության, ինչպես նաև այն բնակիչների բարեկեցության խնդիրը, որոնք այժմ որպես փախստական գտնվում են Թուրքիայում:

«Ադամ Շիֆը, բացի այդ, հորդորել է Թուրքիային առանձնացնել Հայաստանի շրջափակման խնդիրը Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծումից, որպեսզի հնարավոր դառնա վերջ դնել Հայաստանի տնտեսական շրջափակման ու բարելավել առևտրային հարաբերությունները», - ասված է կոնգրեսական Ադամ Շիֆի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG