Մատչելի հղումներ

«Եվրոպայում «նոր աղքատներին» օգնություն տրամադրելն ավելի դժվար է դառնում». Կարմիչ խաչ


Ճգնաժամի ընթացքում օգնության դիմող մարդկանց թիվն անընդհատ աճ է գրանցում

Կարմիր խաչի և Կարմիր մահակի միջազգային ֆեդերացիայի համաձայն, Եվրոպայում «նոր աղքատներին» օգնություն տրամադրելը կազմակերպության համար գնալով է՛լ ավելի մեծ դժվարություն է ներկայացնում:

Եվրոպայում շարունակվում է տնտեսական ճգնաժամը, որի սրությունը չի նվազում, և Եվրամիության կողմից ներկայացված վիճակագրական վերջին տվյալների համաձայն, դաշինքի անդամ 27 պետություններում գրանցվել է ավելի քան 26 միլիոն գործազուրկ: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այլ պետություններում գործազուրկների թիվը շատ ավելի բարձր է:

Միլիոնավոր մարդիկ տառապում են սոցիալական օգնության կրճատումից, սննդի բավարար քանակություն գնելու անհնարինությունից և բժշկական օգնության բացակայությունից: Շատերին սպառնում է իրենց տներից դատարանի որոշմամբ վտարելն ու կյանքը փողոցներում շարունակելը:

Կարմիր խաչի կազմակերպությունն ուշադիր հետևում է 52 երկրներում գործող իր ստորաբաժանումների աշխատանքին՝ հասկանալու համար, թե ինչպիսի արձագանք ունի ճգնաժամն իրենց աշխատանքի, ինչպես նաև օգնության տրամադրման աճող կարիքը բավարարելու կարողության վրա:

Կարմիր խաչի եվրոպական գոտու տնօրեն Անիտա Ունդերլիի համաձայն, անցյալ տարի դրամահավաքի ամենամյա արշավի ընթացքում Իսպանիայի Կարմիր խաչի կազմակերպությունն առաջին անգամ գումար էր հավաքում՝ իսպանացիներին օգնություն տրամադրելու նպատակով:

«Նախկինում նրանք գումար էին հավաքում Աֆրիկայի կամ Ասիայի բնակիչներին, կամ աշխարհի այլ տարածաշրջաններում բնակչության խոցելի խմբերին օգնություն տրամադրելու համար: Իսպանիայում ճգնաժամն առաջին անգամ հասել է այն մակարդակի, որ նրանք որոշում են կայացրել իրենց իսկ պետության բնակչության համար գումար հավաքելու մասին», - ասել է Ունդերլին:

Կարմիր խաչի տվյալների համաձայն, Հունգարիայում բնակչության 31 տոկոսը տառապում է միջոցների բացակայությունից կամ բնակարանային պայմանների վատթարացումից: Ֆրանսիայի Կարմիր խաչը հաղորդել է, որ անցյալ տարի օգնություն տրամադրելու համար դիմագծերի թիվն ավելացել է 14 տոկոսով: Դանիայի նույն կազմակերպության համաձայն, 2009 թվականի համեմատությամբ Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանում մարդասիրական օգնություն տրամադրելու դիմում ներկայացրած անձանց թիվն աճել է երկու անգամ: Լիտվայի Կարմիր խաչը հայտնել է, որ եթե 2006 թվականին պարենային օգնություն էր տրամադրվում 30 հազար մարդու, ապա 2012 թվականին նման տեսակի օգնություն տրամադրվել է արդեն 100 հազար մարդու:

Կարմիր խաչի եվրոպական գոտու տնօրեն Անիտա Ունդերլիի համաձայն, կազմակերպությանը դիմող մարդկանց թվի ավելացումը վկայում է ճգնաժամի խորության մասին:

Կազմակերպությունը միաժամանակ անհանգստություն է արտահայտում այն հանգամանքով, որ Եվրոպայում օգնության կարիքն ունեցող մարդկանց թվի ավելացմանը զուգահեռ կառավարություններն ու դոնոր կազմակերպությունները կրճատում են տրամադրվող օգնության ծավալները:
XS
SM
MD
LG