ԱՄՆ-ում խաղարկցվող «Մեգա Միլիոնս» վիճակախաղի ջեքփոթի չափը հասել է 540 միլիոն դոլարի՝ գրանցելով ջեքփոթի երբևէ կուտակված գումարի համաշխարհային ռեկորդ:
Այդ դեպքում, եթե որևէ մեկ անձ շահի վիճակախաղի ջեքփոթի ամբողջ գումարը, ապա այդ անձին միանվագ կվճարվի 390 միլիոն դոլար: Դաշնային հարկերը վճարելուց հետո շահույթի գումարը կկազմի 293 միլիոն դոլար:
«Վաշինգտոն Փոստ» պարբերականի վկայությամբ, վիճակախաղի ջեքփոթը շահելու հավանականությունը կազմում է 1-ը 176 միլիոնի, և տեսականորեն թվերի բոլոր հնարավոր համակցությունները գնելու համար 176 միլիոն դոլար ծախսելու դեպքում հնարավոր է ստանալ 117 միլիոն դոլարի եկամուտ, սակայն այս գումարը կնվազի, եթե անհրաժեշտ լինի վճարել նաև նահանգային հարկեր:
Սակայն նման կերպ վարվելու համար առկա են սահմանափակումներ: Նախ, վիճակախաղի յուրաքանչյուր տոմսը լրացնելու համար կպահանջվի մոտ 28 տարի: Բացի դրանից, բոլոր տոմսերը գնելու համար կծախսվեն Միացյալ Նահանգներում վիճակախաղի տոմսերը տպելու համար նախատեսված թղթի և թանաքի բոլոր պաշարները:
Փորձագետների վկայությամբ, խոշոր չափսերի նման ջեքփոթի դեպքում հնարավոր է, որ այն միաժամանակ շահի մի քանի մարդ:
Դակոտային Վեսլեյան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ղեկավար Մայք Կատալանոյի համաձայն, կայծակի հարվածից մահանալու հավանականությունը 50 անգամ ավելի բարձր է, քան ջեքփոթը շահելու հնարավորությունը:
«Վիճակախաղի մասնակցելուց կարող եք ստանալ հոգեբանական որոշ բավարարվածություն, սակայն ֆինանսական տեսակետից ավելի լավ կլիներ ուղևորվել Լաս Վեգաս և այնտեղ «բլեք ջեք» թղթախաղը խաղալ», - ասում է Կատալանոն: