Մատչելի հղումներ

«ՆԱՏՕ-ն ունի Թուրքիան պաշտպանելու ծրագրեր»


Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համաձայն, Հյուսիսատլանտյան դաշինքն ունի Թուրքիան հարձակումներից պաշտպանելու ծրագրեր:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, երեքշաբթի օրը Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում Ռասմուսենն ասել է, որ դաշինքը «ունի Թուրքիան պաշտպանելու համար անհրաժեշտ բոլոր ծրագրերը»:

ՆԱՏՕ դաշինքի անդամ պետությունների ներկայացուցիչները Թուրքիային սատարելու մասին հայտնել են Սիրիայի սադրիչ գործողություններից հետո անցյալ շաբաթ ժողովված հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 4-ին կրակ էր բացել Սիրիայի այն տարածքների ուղղությամբ, որտեղից, ըստ զինված ուժերի, բացվել էր զոհերի պատճառը դարձած ականանետային կրակը:

Աքչակալե գյուղի ուղղությամբ Սիրիայի տարածքից դրան նախորդող օրը բացված ականանետային կրակի հետևանքով զոհվել էր խաղաղ հինգ բնակիչ:

Թուրքիայի պաշտոնյաների, ինչպես նաև «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության տվյալների համաձայն, Սիրիայի հետ սահմանամերձ տարածքների ուղղությամբ բացված կրակի հետևանքով ոչնչացվել էին Սիրիայի զինծառայողներ:
XS
SM
MD
LG