Մատչելի հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը իշխանությունների կողմից ընտրակեղծարարներին հովանավորելու փաստերի կապակցությամբ


«Սրանով Սերժ Սարգսյանը՝ որպես Հայատանի Հանրապետության սահմանադրության երաշխավոր, փաստորեն հերթական ինքնաբացարկն է տալիս իր անմիջական պարտականությունների և գործառույթների իրականացումից»

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի իշխանությունների կողմից ընտրակեղծարարներին հովանավորելու փաստերի կապակցությամբ:

«Ինչպես և սպասելի էր, Սերժ Սարգսյանի խոստումները, թե իշխանությունները հետամուտ են լինելու փետրվարի 18-ին տեղ գտած ընտրախախտումների բացահայտմանն ու կեղծարարներին պատժելուն՝ հերթական շոուի մաս են կազմում:

Ապրիլի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում զննվեց Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի փաստաթղթերի պարկը: Հատուկ քննչական ծառայությունը «պարզեց», որ գերազանցապես ՀՀԿ ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը կեղծիքներ է թույլ տվել… Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին»:

Հիշեցնենք, որ սա այն հանձնաժողովն է, ուր կեղծարարները՝ ներխուժելով տեղամաս, բռնել էին դիտորդ Նարինե Իսմայիլի ձեռքերը, որպեսզի նա չտեսանկարահանի, և հարյուրավոր քվեաթերթիկներ լցոնել քվեատուփի մեջ: Նման դեպքում իրավապահ մարմինը պետք է նախևառաջ գրաֆոլոգիական փորձաքննություն նշանակեր ընտրամատյաններում դրված ստորագրությունների համար՝ պարզելու, թե ովքեր են ստորագրել լցոնված քվեաթերթիկների թվին համապատասխան Հայաստանից բացակայող քաղաքացիների ազգանունների դիմաց: Դրա համար պետք է պարզեր, թե քվեարկությանը մասնակցած քաղաքացիներից ովքեր են իրականում բացակայել երկրից և ինչպես է նրանց ազգանունների կողքին ստորագրություն հայտնվել: Սակայն հասկանալի է, որ անարդարադատության նվիրյալները կաշառքով բարձրագույն իրավաբանական կրթության դիպլոմներ են գնել ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ վերադասների պատվերները կուրորեն կատարելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշված է, թե օրերս նաև կարճվեց Վանաձորի թիվ 29/13 ընտրատեղամասում թույլ տված խախտման և այն նկարագրող լուսանկարի փաստով զինվորական դատախազությունում բացված քրեական գործը՝ «հանցակազմի բացակայության» հիմնավորմամբ: «Կարելի է կարծել՝ դիտողի աչքին է երևում, որ սպան կանգնած է քվեարկող զինվորից անթույլատրելիորեն մոտ հեռավորության վրա, ինչը քվեարկության գաղտնիության լուրջ խախտում է»:

«Բավարար ապացույցների բացակայության» հիմնավորմամբ կարճվել է նաև մեկ այլ գործ, որը վերաբերում է Երևանի Մալաթյա-Սեբաստիա թաղամասում գտնվող թիվ 8/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Սյուզի Ալեքսանյանի այն վկայությանը, թե իր աչքի առջև իրականացվել է լցոնում, ապաև փորձ է արվել ցուցմունք չտալու դիմաց կաշառել իրեն:

Այսպիսով՝ գործող դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ցույց է տալիս հասարակությանը, որ մտադիր է հովանավորել և իր անձնական պաշտպանության տակ առնել անգամ ամենավերջին ընտրակեղծարարին»:

«Մենք խստորեն դատապարտում ենք իրավապահ մարմինների կողմից ընտրական իրավախախտումները կոծկելու և հանցագործներին պարտակելու քրեորեն պատժելի գործելաոճը: Սրանով Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ սահմանադրության երաշխավոր, փաստորեն հերթական ինքնաբացարկն է տալիս իր անմիջական պարտականությունների և գործառույթների իրականացումից», - եզրափակում է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը:
XS
SM
MD
LG