Մատչելի հղումներ

Պուտինն այցելել է «Ամերիկյան տունը»


ԱՄՆ-ի օլիմպիական հանձնաժողովի նախագահի համաձայն, Պուտինի հետ զրույցի ընթացքում քաղաքական թեմաներին անդրադարձ չի կատարվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելի այցով է ժամանել Սոչիի Օլիմպիական այգում գտնվող «Ամերիկյան տունը», որի ընթացքում զրուցել է ԱՄՆ-ի օլիմպիական հանձնաժողովի նախագահ Սքոթ Բլեքմանի և ամերիկյան հավաքականի անդամների հետ:

Ռուսաստանի նախագահի այցը տևել էր մոտ կես ժամ: ԱՄՆ-ի օլիմպիական հանձնաժողովի նախագահի համաձայն, Պուտինի հետ զրույցի ընթացքում քաղաքական թեմաներին անդրադարձ չի կատարվել:

ԱՄՆ-ի օլիմպիական հանձնաժողովի նախագահ Բլեքմենի և Համաշխարհային օլիմպիական հանձնաժողովի անդամ Լերի Փրոբստի մասնակցությամբ անցկացված հանդիպման ընթացքում, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Սոչին որպես ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաք ընտրելու գործում ցուցաբերած աջակցության համար:

Նախագահ Պուտինի գնահատմամբ՝ ձմեռային այս օլիմպիական խաղերի ընթացքում ԱՄՆ-ի հավաքականը շատ լավ արդյունքներ է ցուցաբերում:

«Իմ դուրը ինչն է գալիս՝ ձեր մոտ գրեթե ցանկացած մարզաձևում կա ուժեղ մասնակից, որը պայքարում է մեդալների համար, հավաքականը համաչափ է կազմված», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Ռուսաստանի նախագահը ցանկանում էր, որ այս այցելությունը լինի ոչ պաշտոնական, այդ իսկ պատճառով նվերների փոխանակում չէր նախատեսվում: Ամերիկյան օլիմպիական պատվիրակության ղեկավարը նախագահ Պուտինին այնուամենայնիվ նվիրել է «Նայք» ֆիրմայի արծաթագույն մի բաճկոն, որը ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի մարզիկները կրում են՝ մեդալներ ստանալու ժամանակ, ինչպես նաև Սուրբ Վալենտինի տոնին նվիրված ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի մի նշան:
XS
SM
MD
LG