Մատչելի հղումներ

Պուտին. «Սնոուդենն ազնվահոգի անձնավորություն է»


Ռուսաստանի նախագահը սակայն նշել է, որ գաղտնալսումներն անհրաժեշտ են՝ ահաբեկչության դեմ պայքարի համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենը «ազնվահոգի անձնավորություն է»:

Նախագահ Պուտինն այս հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայում հինգշաբթի օրը լրագրողների հետ անցկացված հարցուպատասխանի ժամանակ, որի ընթացքում ինքն անդրադարձել է արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերի:

Ռուսաստանի նախագահը նշել է սակայն, որ ոչ ինքը, ոչ էլ Ռուսաստանի անվտանգության գործակալությունները որևէ շփում չեն ունեցել Էդվարդ Սնոուդենի հետ:

Պուտինն ասել է նաև, որ դեռևս որոշում չի կայացրել Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռները տեղակայելու մասին, ինչի հնարավորությունը մտահոգություններ է առաջացրել հարևան Լեհաստանում և Լիտվայում, ինչպես նաև Վաշինգտոնում:

Անդրադառնալով ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալության կողմից Միացյալ Նահանգների քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսման մասին արված խոստովանությանը՝ նախագահ Պուտինն ասել է, որ նման գաղտնալսումներն անհրաժեշտ են՝ ահաբեկչության դեմ պայքարի համար: Նա սակայն զգուշացրել է, որ աշխարհի պետությունների կառավարությունները պետք է «սահմանափակեն ազգային անվտանգության գործակալությունների ախորժակը»՝ դրանց չափազանց հզորացումը կանխարգելելու նպատակով:
XS
SM
MD
LG