Մատչելի հղումներ

Պուտին. «Օլիմպիական խաղերի ընթացքում մարզիկների նկատմամբ խտրականության դրսևորումներ չեն լինի»


Ռուսատանի նախագահը հավաստիացրել է, որ Սոչիի օլիմպիական խաղերը կանցկացվեն մասնակիցների նկատմամբ հավասարություն պահանջող Օլիմպիական խարտիայի համաձայն

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է մեղմել միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված իր երկրում գործող «համասեռամոլության քարոզչության» մասին օրենքի հետ: Պուտինը հինգշաբթի օրն ասել է, թե փետրվար ամսին կայանալիք օլիմպիական խաղերի ընթացքում արևէ մարզիկ խտրականության չի ենթարկվի:

Հանդես գալով օտարերկրյա պետությունների նոր դեսպաններին հավաստագրեր հանձնելու արարողությանը՝ Պուտինը կրկին հավաստիացրել է, որ բոլոր մարզիկների նկատմամբ վերաբերմունքը հավասար է լինելու:

«Խաղերը կանցկացվեն Օլիմպիական խարտիայի հետ լիարժեք համապատասխանությամբ, առանց որևէ հիմքով որևէ խտրականության», - նշել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով. «Ռուսաստանցիներն իհարկե կաջակցեն իրենց մարզիկներին, սակայն մենք հաջողություն ենք մաղթում բոլոր մարզիկներին, մրցույթի բոլոր մասնակիցներին: Մենք միշտ ուրախ ենք և կարող ենք գնահատել ցանկացած երկրի ցանկացած մարզիկի փայլուն հաջողությունները»:

Փորձելով բարելավել Ռուսատանի պատկերը օլիմպիական խաղերի նախօրեին՝ նախագահ Պուտինը դադարեցրել է Սոչիում բողոքի որոշ ակցիաների անցկացման նկատմամբ դրված սահմանափակումների գործողությունը, համաներմամբ ազատ է արձակել «Փուսի Ռայըթ» փանք-խմբի անդամներին, բանտից ազատ է արձակել նավթային նախկին մագնատ Միխայիլ Խոդորկովսկիին:

«Համոզված եմ՝ օլիմպիադան կծառայի ժողովուրդների միջև հարաբերությունների մերձեցմանը, կնպաստի ամբողջ աշխարհում բարեկամության, վստահության և գործընկերության ամրապնդմանը: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այն դառնա սպորտի տոն ոչ միայն մեր երկրի քաղաքացիների, այլև ամբողջ աշխարհում սպորտի երկրպագուների համար», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
XS
SM
MD
LG