Մատչելի հղումներ

Պուտինն անկախ պետություն է ճանաչել Ղրիմը


Ղրիմն անկախ պետություն ճանաչելու մասին Պուտինի հրամանագիրն ըստ էության Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելուն ուղղված առաջին քայլն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրն անկախ պետություն է ճանաչել Ղրիմն այն բանից հետո, երբ Ուկրաինայի այս տարածաշրջանի ռուսաստանամետ առաջնորդներն անկախ պետություն են հռչակել այն և Ռուսաստանին միանալու դիմում են ներկայացրել՝ նախօրեին անցկացված վիճահարույց հանրաքվեի արդյունքներով:

Կրեմլի համացանցային կայքում հրապարակված՝ Ղրիմն անկախ պետություն ճանաչելու մասին Պուտինի հրամանագիրն ըստ էության Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելուն ուղղված առաջին քայլն է:

Պուտինի կողմից ստորագրված՝ ուժի մեջ անմիջապես մտնող հրամանագրում ասված է, որ Մոսկվայի կողմից Ղրիմը որպես անկախ պետություն ճանաչելու հիմքում ընկած է «Ղրիմի ժողովրդի կամքը»:

Ռուսաստանի նախագահ Պուտինը Ղրիմի խորհրդարանի կողմից Ռուսաստանին միանալու դիմումի հարցին կանդրադառնա երեքշաբթի օրը Ռուսատանի խորհրդարանի համատեղ նիստի ընթացքում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամեր առաջ որոշում է կայացել Ռուսաստանի և Ուկրաինայի այն պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ ընդունելու մասին, որոնց Միացյալ Նահանգներն առանձնացրել է՝ Ղրիմում Ուկրաինայից անջատելու հարցով Մոսկվայի աջակցությամբ նախօրեին անցկացված հանրաքվեի կապակցությամբ:

Նախագահի Օբաման ստորագրել է հրամանագիր, որի համաձայն սառեցվելու են Ռուսաստանի և Ուկրաինայի 11 պաշտոնյայի, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարձրաստիճան երկու խորհրդականի, ինչպես նաև Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի ակտիվները:

Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարներն իրենց հերթին երկուշաբթի օրը մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո համաձայնության են եկել Ռուսատանի և Ուկրաինայի 21 պաշտոնյաների նկատմամբ ճանապարհորդության արգելքներ և ակտիվների սառեցման եղանակով պատժամիջոցներ սահմանելու մասին:
XS
SM
MD
LG