Մատչելի հղումներ

Պուտին. «Այժմ կա Իրանի միջուկային խնդիրը լուծելու իրական հնարավորություն»


Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահը ողջունել է Ռուսաստանի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործադրվող ջանքերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայն, այժմ առկա է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ արդեն մեկ տասնամյակ տևող վեճի լուծման իրական հնարավորություն:

Կրեմլը երկուշաբթի օրը հաղորդել է, որ Պուտինն այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Երկու պետությունների առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահը ողջունել է Ռուսաստանի կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործադրվող ջանքերը:

Ռուսաստանը որպես «P5+1» հայտնի խմբի այն մասնակից պետություններից է, որը Ժնևում այս չորեքշաբթի օրը կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլին:

Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո նախագահ Ռուհանին սոցիալական «Թվիթեր» կայքում հրապարակել է հաղորդագրություն՝ նշելով, որ Ժնևում անցկացված բանակցությունների նախորդ փուլի ընթացքում կողմերը բավականին մոտ էին համաձայնության գալուն, սակայն «ստեղծված որոշ բարդությունների պատճառով համաձայնությունն անհրաժեշտ եղավ հետաձգել»:

Ռուհանին սոցիալական կայքի միջոցով հաղորդել է նաև, որ Իրանի կողմից իրականացվող միջուկային աշխատանքները «խաղաղ բնույթի են» և գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո:
XS
SM
MD
LG