Մատչելի հղումներ

Պուտինը չի տեսնում «Դիմա Յակովլևի օրենքը» չստորագրելու որևէ հիմք


Վերջնական որոշումը սակայն Ռուսաստանի նախագահը կկայացնի փաստաթուղթը «մանրազնին ուսումնասիրելուց հետո»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ներկայում չկան որևէ հիմքեր, որոնք պատճառով ինքը չպետք է ստորագրի «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների հետ առնչություն ունեցող անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին» օրենքի նախագիծը, որն ավելի հայտնի է որպես «Դիմա Յակովլևի օրենք»:

Նախագահ Պուտինը հինգշաբթի օրը շեշտել է, որ Ռուսաստանի Պետդումայի և Դաշնության խորհրդի հավանության արժանացրած օրինագիծը ստորագրելու մասին վերջնական որոշումը կընդունվի միայն վերջինս մանրազնին ուսումնասիրելուց հետո:

«Պետք է ծանոթանամ վերջնական տարբերակին և ամեն ինչ լավ կշռադատեմ», - ասել է Պուտինը Ռուսաստանի պետական խորհրդի նիստին:

Նախագահ Պուտինը, բացի այդ, հայտնել է, որ նախատեսում է Ռուսաստանում որբ մնացած, մասնավորապես՝ ծանր հիվանդություններից տառապող երեխաների կյանքի պայմանները բարելավելուն ուղղված հրամանագիր ստորագրել:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը նախօրեին միաձայն հավանության է արժանացրել ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը: Դաշնության խորհրդի 143 անդամները իրավական այս փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել են միաձայն:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման, անցյալ շաբաթվա վերջին էր հավանության արժանացրել Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը: Պետդումայի կողմից օրինագիծն ընդունվել է երրորդ՝ վերջին ընթերցմամբ, ձայների 420՝ կողմ, 7՝ դեմ հարաբերակցությամբ:

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, «Դիմա Յակովլևի օրենքն» ընդունելու դեպքում Ռուսաստանի արդարադատության նախարարությանը կթույլատրվի կամայական եղանակով դադարեցնել հասարակական այն կազմակերպությունների գործունեությունը և սառեցնել վերջիններիս ֆինանսական միջոցները, որոնք, նախարարության կարծիքով, ներգրավված են քաղաքական գործունեության մեջ, ֆինանսավորվում են ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից կամ իրականացնում Ռուսաստանի շահերը վտանգող գործունեություն:

Կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ջոն Դալհիզենի համաձայն, նման օրինագիծը մանկանան արձագանք է «Մագնիտսկու օրենքին», և Ռուսաստանի Պետդուման պետք է ավելի շատ ջանք գործադրի Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման, այլ ոչ թե վերջինիս թուլացման ուղղությամբ:
XS
SM
MD
LG