Մատչելի հղումներ

Դատախազ. Հասանը ջանում էր սպանել հնարավորինս մեծ թվով զինծառայողների


Նիդալ Հասանը դատավարության ընթացքում ինքնուրույն է իրականացնելու իր պաշտպանությունը

Միացյալ Նահանգների ռազմական դատախազն ասել է, թե Տեխաս նահանգի «Ֆորթ Հուդ» ռազմակայանում 2009 թվականին սպանդն իրականացրած ամբաստանյալը «ջանում էր սպանել հնարավորինս մեծ թվով զինծառայողների»:

Ռազմական դատախազ, գնդապետ Ստիվ Հենրիքսը երեքշաբթի օրն անցկացված ռազմական դատավարության ընթացքում հայտնել է դատարանին, որ մայոր Նիդալ Հասանը կանխամտածված էր կրակն ուղղել այն զինծառայողների ուղղությամբ, որոնք պատրաստվում էին մեկնել Աֆղանստան՝ թալիբների դեմ ԱՄՆ-ի կողմից վարվող պատերազմին մասնակցելու նպատակով:

Դատախազի համաձայն, «Հասանը, բղավելով «Ալլահու աքբար», կրակ էր բացել անզեն, ոչինչ չակնկալող և անպաշտպան զինծառայողներին ուղղությամբ:

Միացյալ Նահանգներում ծնված մահմեդական Հասանը մեղադրվում է յոթ րոպե տևողությամբ հարձակման ընթացքում ավելի քան 100 փամփուշտ կրակելու մեջ, ինչի հետևանքով զոհվել էր 13, վնասվածքներ ստացել՝ 32 մարդ:

Նիդալ Հասանը զինված ուժերի 13 սպաներից կազմված երդվյալ ատենակալների դատարանին ուղղված բացման իր խոսքում ասել է, թե «վկայությունները պարզ ցույց են տալիս, որ ես եմ կրակ բացած զինյալը»՝ այնուհետև, դիմելով դատավորին, ասելով, թե իր պաշտպանությունն իրականացնելու նպատակով ցանկանում է դատարան հրավիրել երկու վկայի:

42-ամյա ԱՄՆ-ի զինված ուժերի մայոր Հասանը, վերջինիս իրականացրած սպանդը ռազմական ոստիկանության ծառայողներին կողմից դադարեցնելու նպատակով բացված կրակի արդյունքում ստացած վնասվածքների հետևանքով գոտկատեղից ներքև կաթվածահար է եղել և այժմ կարող է տեղափոխվել միայն անվասայլակի միջոցով:

Դատավարությունից առաջ Հասանը պնդում էր, թե հրազենի կիրառմամբ հարձակումն արդարացված էր՝ որպես Աֆղանստանում թալիբների առաջնորդների կյանքը փրկելու միջոց: Դատավորը սակայն այս տարվա հունիսին որոշում էր կայացրել այն մասին, որ նման փաստարկը չի կարող օգտագործվել ամբաստանյալի պաշտպանության նպատակով, քանի որ հարձակման ժամանակ զինծառայողները որևէ վտանգ չէին ներկայացնում ո՛չ թալիբների, ո՛չ ել մեղադրյալի համար:

Դատավորը, բացի այդ, արգելել է Հասանին հանդես գալ կրոնական իր հայացքների վերաբերյալ որևէ հայտարարությամբ:

ԱՄՆ-ի զինված ուժերի մայոր, հոգեբույժ Հասանը դատավարության ընթացքում ինքնուրույն է իրականացնելու իր պաշտպանությունը և, վերջիվերջո, կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ հարցաքննելու է իր կողմից բացված կրակոցներից տուժած զինծառայողներին:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Նիդալ Հասանը, որի ծնողները ներգաղթել էին Միացյալ Նահանգներ պաղեստինյան տարածքներից, կարող է դատապարտվել մահապատժի:
XS
SM
MD
LG