Մատչելի հղումներ

Ռուսաստանամետ ցուցարարներն անտեսել են Ուկրաինայի նախագահի պաշտոնատարի կողմից սահմանված վերջնաժամկետը


Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդ Տուրչինովն ասել է, թե դեմ չէ, որ երկրում անցկացվի հանրաքվե՝ նվիրված այն հարցին, թե ինչպիսի պետություն պետք է դառնա Ուկրաինան

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդ Տուրչինովն ասել է, թե դեմ չէ, որ երկրում անցկացվի հանրաքվե՝ նվիրված այն հարցին, թե ինչպիսի պետություն պետք է դառնա Ուկրաինան:

Այս հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես եկած Տուրչինովը համոզվածություն է հայտնել, որ մեծամասնությունը կաջակցի միացյալ և անկախ Ուկրաինան, որտեղ ավելի լայն լիազորություններ կարող են տրամադրվել երկրի արևելյան շրջաններին:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի համաձայն, հանրաքվե կարող է անցկացվել մայիսի 25-ին՝ երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ միաժամանակ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը, հանդես գալով Մոսկվայում, նշել է, թե Ուկրաինայի արևելքում բնակվող ռուսախոս անձինք պետք է մասնակցեն Ուկրաինայի նոր սահմանադրության մշակման գործին:

Ռուսաստանամետ ցուցարարները երկուշաբթի օրը պետական մարմիններին պատկանող շենքեր են զբաղեցրել Ուկրաինայի արևելյան Հորլիվկա քաղաքում:

Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսաստանամետ ցուցարարները պահանջում են անցկացնել հանրաքվե Ռուսաստանին միանալու հարցի շուրջ, որը նման կլինի Ղրիմում անցյալ ամիս անցկացված հանրաքվեին:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը նախօրեին զգուշացրել էր ռուսաստանամետ ցուցարարներին, որ մինչև վերջնաժամկետը լրանալը նրանց ներկայացված պայմանները չկատարելու դեպքում անվտանգության ուժերը կձեռնարկեն լայնամասշտաբ գործողություններ՝ բանակի մասնակցությամբ:

«Թույլ չենք տալու Ռուսաստանին Ուկրաինայի արևելյան շրջաններում կրկնել ղրիմյան սցենարը», - ասել էր Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը:

Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ և այլ քաղաքներում պետական մարմինների շենքերը զբաղեցնող ցուցարարների նկատմամբ երկուշաբթի օրը սակայն չի նկատվել երկրի անվտանգության ուժերի կողմից որևէ գործողությունների նախապատրաստում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի սպառնալիքներին, իր հերթին «հանցավոր հրաման» է անվանել Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսաստանամետ ցուցարարներին նկատմամբ գործողություններ ձեռնարկելու խոստումը՝ նշելով, որ «Արևմուտքը պետք է վերահսկողություն Ուկրաինայի կառավարությունում իր դաշնակիցների նկատմամբ»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կիրակի ուշ երեկոյան արտակարգ նիստ էր անցկացվել, որի ընթացքում ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամատա Փաուերը զգուշացրել էր, որ Կրեմլի նկատմամբ ԱՄՆ-ը կսահմանի նոր պատժամիջոցներ, եթե Ուկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանը շարունակի ավելացնել իրավիճակի լարվածությունը:

Ստրասբուրգում երկուշաբթի օրը Եվրոպական Միության արտգործնախարարների կայանալիք հանդիպումը նվիրված կլինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քննարկմանը:

ՆԱՏՕ-ն իր հերթին «լուրջ զարգացում» է անվանել Ուկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանի կողմից արտադրված մասնագիտացված սպառազինության տեսակներով զինված և առանց տարբերակման նշանների համազգեստ կրող անձանց հայտնվելու հանգամանքը: Ըստ դաշինքի, դա հիշեցնում է այն համազգեստը, որը կրում էին Մոսկվային հավատարիմ ստորաբաժանումները Ղրիմը գրավելուց առաջ:
XS
SM
MD
LG