«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից մամուլի ազատության 2010 թվականի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանը զբաղեցնում է 101-րդ տեղը:
Այսպիսով, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի դիրքը բարձրացել է 10 կետով:
Մամուլի ազատության զեկույցի առաջին տեղերն այս տարի ևս զբաղեցնում են Եվրոպական պետությունները` Ֆինլանդիան, Իսլանդիան, Նիդեռնալդները, Նորվեգիան, Շվեդիան և Շվեյցարիան:
Ընդհանուր Եվրոպայում արձանագրվել է մամուլի ազատությունների անկում, որը պայմանավորված է Բալկանյան և արևելաեվրոպական որոշ պետությունների ցածր ցուցանիշներով:
Լրագրողների գործունեության համար ամենավատ պայմանները ստեղծված են ցանկի վերջին տեղերում գտնվող Չինաստանում, Սուդանում, Սիրիայում, Բիրմայում, Իրանում, Թուրքմենստանում, Հյուսիսային Կորեայում և Էրիթրեայում։
Մամուլի ազատության ցուցիչների ամենամեծ անկում է գրանցվել Ֆիլիպիններում, Ուկրաինայում, Հունաստանում և Ղրղըզստանում:
Վրաստանում մամուլի ազատության ցուցիչների անկում է գրանցվել: 2010 թվականի ցանկում Վրաստանը 99-րդ տեղն է զբաղեցնում` նախորդ տարվա 81-րդ տեղի փոխարեն:
Ադրբեջանը մամուլի ազատության ցանկում գտնվում է Պակիստանի, Թաիլանդի և Բելառուսի հարևանությամբ` զբաղեցնելով 152-րդ տեղը: