ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ներում է շնորհել ԱՄՆ-ի ազգային հնդկահավին և նրա փոխարինողին` փրկելով թռչուններին Գոհաբանության օրվա ավանդական տոնակատարության սեղանի մասնակից դառնալուց:
Տոնի նախօրեին Սպիտակ տանն անցկացվող ավանդական արարողության ժամանակ Օբաման փրկել է «Ազատություն» և «Խաղաղություն» մականունը կրող թռչուններին` Գոհաբանության օրվա տոնական սեղանի հիմնական ուտեստի վերածվելու բախտից:
Հնդկահավերին ներում շնորհելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահը կատակել է, որ ներում շնորհելու մասին իր որոշումը գործադիր այն որոշումներից է, որի համար չի պահանջվում ստանալ ԱՄՆ-ի Կոնգրեսի հավանությունը:
Արարողության ընթացքում նախագահը նշել է նաև, որ մարդիկ պետք է շնորհակալ լինեն իրենց ունեցածի համար և հիշեն նրանց, ովքեր նման միջոցներ չունեն: Օբաման շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ-ի զինծառայողներին՝ իրենց ամենօրյա ծառայության համար:
Նախագահ Օբաման ու իր ընտանիքն ավելի ուշ երկու այլ հնդկահավ են առաքել Վաշինգտոնի սննդամթերքի բանկ, որը պարեն է տրամադրում կարիքավորներին: Այցելության ընթացքում նախագահն օգնել է բաշխել պարենով լի պարկերը: