Մատչելի հղումներ

Հռոմի պապը կոչ է արել աշխարհին աղոթել Բալկաններում ջրհեղեղի զոհերի համար


Բոսնիա-Հերցեգովինայում, Խորվաթիայում և Սերբիայում ջրհեղեղների պատճառով զոհվել է 37 մարդ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհին աղոթել Բալկաններում ջրհեղեղի պատճառով զոհվածների և տուժածների համար:

Իր ամենշաբաթյա ուղերձում Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետն ասել է, որ ինքը «անձնական կապ է զգում տառապողների հետ»:

Բոսնիա-Հերցեգովինայում, Խորվաթիայում և Սերբիայում ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 37 մարդ: Տարերային աղետի հետևանքով անօթևան են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

Առանց էլեկտրամատակարարման են մնում տարածաշրջանի հիմնական մասը: Ջրհեղեղը դարձել է ավելի քան երկու հազար սողանքների պատճառը, և նոր սողանքների պահպանվող վտանգը ստիպել է տեղի իշխանություններին իրականացնել բնակիչների զանգվածային էվակուացում:

Առատ տեղումների պատճառով Բոսնիա-Հերցեգովինայի տարածքի գրեթե մեկ երրորդը հայտնվել է ջրի տակ: Իշխանությունները զգուշացնում են նաև, որ հորդառատ անձրևների պատճառով առաջացած սողանքները բարձրացնում են Բոսնիական պատերազմի ժամանակից մնացած ականներից վնասվածքներ ստանալու հնարավորությունը:

Տարածաշրջանին մարդասիրական օգնություն են տրամադրում Եվրամիությունն ու Ռուսաստանը:
XS
SM
MD
LG