Մատչելի հղումներ

Հռոմի Պապը պահանջել է պաշտպանել կրոնական փոքրամասնություններին


Հռոմի Պապը պահանջել է պաշտպանել կրոնական փոքրամասնություններին

Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը կոչ է արել աշխարհի կառավարություններին ավելի մեծ ջանք գործադրել` քրիստոնյաների կրոնական ազատություններն ապահովելու համար:

Վատիկանում երկուշաբթի օրը իր ելույթի ընթացքում հայրապետը մասնավորապես դիմել է Պակիստանին` մահմեդականությանը վիրավորանք հասցնելու համար մահապատիժ նախատեսող օրենքը չեղյալ համարելու կոչով: Նա նաեւ անդրադարձել է Պակիստանի նահանգներից մեկի նահանգապետի վերջերս իրականացված սպանությանը` նշելով, որ դրա դրդապատճառն այդ նահանգապետի կողմից նշված օրենքի դեմ հանդես գալն է եղել։

Վատիկանում գործող դիվանագետներին ուղղված ամենամյա դիմումում Հռոմի Պապը կոչ է արել նաև ձեռնարկել հրատապ միջոցներ` կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու ուղղությամբ: Նա բերել է Եգիպտոսում և Իրաքում քրիստոնյաների դեմ ուղղված վերջին հարձակումների օրինակը և կոչ արել Սաուդյան Արաբիային, որտեղ քրիստոնյաները չեն կարող իրենց կրոնը դավանել հասարակական վայրերում, հարգել կրոնական ազատության իրավունքը:

Հռոմի Պապն իր ելույթում անդրադարձել է նաև Չինաստանին, որտեղ կաթոլիկ եկեղեցու հետևորդներին ստիպում են միանալ պաշտոնական եկեղեցուն, և Նիգերիայում քրիստոնյաների և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումներին:

Իր ուղերձում Բենեդիկտոս XVI-ը մտահոգություն է հայտնել նաև Արևմուտքի պետություններում «կրոնի աստիճանական մեկուսացման» համար։

XS
SM
MD
LG