Մատչելի հղումներ

Թուրքիայում շարունակվում են բողոքներն ու բախումները


Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրանետներ է օգտագործել ցուցարարների դեմ

Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրանետներ է օգտագործել ընդդեմ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանին բողոքի ցույց անցկացնող ցուցարարների նկատմամբ:

Վերջին բախումները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը Ստամբուլում ու Անկարայում: Ցուցարարների դեմ դուրս են բերվել ոստիկանության հատուկ ուժեր: Արձագանքելով բռնություններին՝ որոշ ցուցարարներ քարեր են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Թուրքիայի դաշնակիցները հորդորել են իշխանություններին և ցուցարարներին պահպանել հավաքների խաղաղ բնույթը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին երեքշաբթի ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Թուրքիայում տեղի ունեցող բռնությունները մտահոգություն են առաջացրել ամբողջ աշխարհում, սակայն բողոքների հիմքում ընկած խնդիրները կարող են լուծել միայն իրենք՝ թուրքերը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բուլեթ Առինչը ներողություն էր խնդրել երկրի ոստիկանության կողմից ցուցարարների դեմ ուղղված բռնություններ գործելու համար:

Բուլենթ Առինչի համաձայն, բնապահպանական նկատառումներից ելնելով բողոքի ցույց սկսած մարդկանց նկատմամբ «չափազանց ուժ» գործադրելը սխալ է եղել: Առինչը սակայն նշել էր, որ կառավարությունը ներողություն չի խնդրում այն անձանցից, ովքեր գույք են ոչնչացրել և միջամտել մարդկանց ազատություններին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սակայն որպես ընտրություններում կրած պարտությամբ առաջացրած զայրույթ է որակել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը: Նրա համաձայն, ցուցարարները «կողք կողքի քայլում են ահաբեկիչների հետ և չեն վայելում Թուրքիայի հասարակ բնակիչների աջակցությունը»:
XS
SM
MD
LG