Մատչելի հղումներ

Օջալանը Թուրքիայի հետ հրադադարի հաստատելու կոչ է արել


Նա հորդորել է նաև քուրդ ապստամբներին հեռանալ Թուրքիայից

Տասնյակ հազարավոր քրդեր հավաքվել են հինգշաբթի օրը Դիարբերքիր (Տիգրանակերտ) քաղաքում՝ տոնելու ազատազրկման մեջ գտնվող քուրդ ապստամբների առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից Թուրքիայի հետ հրադադար հայտարարելու կոչը:

Թուրքերեն ու քրդերեն ընթերցված Օջալանի հայտարարության մշակմանն են հանգեցնել Թուրքիայի հետախուզության ծառայությունների հետ մի քանի ամիս տևած բանակցությունները:

Օջալանն իր հայտարարության մեջ, որն ընթերցվեց քրդական Ամանորի օրը, նաև հորդորել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին հետ անցնել հյուսիսային Իրաք, որտեղ գտնվող ռազմակայաններում տեղակայված է կազմակերպության մի քանի հազար ապստամբ:

Օջալանի հայտարարությունը կամրապնդի խաղաղության բանակցությունների անցկացումը Թուրքիայի հետ:

Քուրդ ապստամբների հետ խաղաղություն հաստատելը հնարավորություն է տալիս Թուրքիային, որը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պետական միջոցները սնանկացնող պայքար է մղում 1984 թվականից, ազատվել «մեծ բեռից»: Բացի այդ, հակամարտության կարգավորումը կբարձրացնի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հեղինակությունն այն ժամանակ, երբ վերջինս փորձում է ավելացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ միաժամանակ հեռացնելով դեպի Եվրոպական Միություն անդամակցության խոչընդոտներից մեկը:

Օջալանի ծրագրի համաձայն, քուրդ զինյալների զինաթափման դիմաց Թուրքիայի իշխանությունները խոստանում են բարելավել երկրի բնակչության 20 տոկոսը կազմող քրդերի քաղաքական իրավունքները:

Որպես փոխադարձ վստահության ամրապնդման առաջին քայլ, Իրաքի հյուսիսում գործող քուրդ ապստամբներն անցյալ շաբաթ ազատ էին արձակել Թուրքիայի ութ քաղաքացու:
XS
SM
MD
LG