Մատչելի հղումներ

՝՝Դիվանագիտական պատմություն. Հայ-թուրքական արձանագրություններ՛՛


ԱՄՆի Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հաստատությունն այս տարվա մարտ ամսին հրատարակեց մի ծավալուն հետազոտություն՝ ՝՝Դիվանագիտական պատմություն՛՛. Հայ-թուրքական արձանագրությունները՛՛ վերտառությամբ։ 125 էջանոց այս աշխատության հեղինակ, նույն հաստատության Խաղաղության կառուցման ու մարդու իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ Դեյվիդ Ֆիլիպսն իր աշխատությունը հանրությանը ներկայացրեց Վաշինգտոնի Կարնեգիի հաստատությունում երեքշաբթի օրը։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ վերլուծաբան Թոմաս դը Վաալը եւ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մայքըլ Լեմընը։

Դեյվիդ Ֆիլիպսը, արագ անցում կատարելով աշխատության բոլոր բաժինների վրայով, ասաց, թե հայ- թուրքական հաշտեցման գործընթացը սկսվել էր դեռեւս հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադրման օրվանից, երբ փորձ արվեց տեղաշարժ սկսել ոչ պետական-կառավարական մակարդակով։

՝՝Հայ-թուրքական հանձնաժողովի աշխատանքներով սկսված գործընթացում թուրքերը շահեցին իրենց տեսանկյունից՛՛, ասաց Դեյվիդ Ֆիլիպսը, ՝՝քանի որ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ համաձայն որի, ցեղասպանությունների մասին 1948 թվականի կոնվենցիան չունի հետադարձ ուժ եւ Թուրքիային չի կարելի ներկայացնել փոխհատուցման կամ տարածքային պահանջներ։ Հայերը շահեցին նրանով, որ 1915 թվականի իրադարձությունները ճանաչվեցին որպես ցեղասպանություն՛՛։

Այս դեպքում փաստորեն ՝՝ցեղասպանություն՛՛ եզրույթը գործեց հետադարձ ուժով։

՝՝Չնայած Հրանտ Դինքի սպանությունից հետո, Թուրքիայում հազարավոր մարդիկ կրում էին ՝՝Ես Հրանտ Դինք եմ՛՛ բառերով ցուցապաստառներ, սեւծովյան մի շարք երկրներում ու տարածքներում մարդիկ դուրս էին գալիս ՝՝Ես նոր Աթաթուրք եմ՛՛ բառերով ցուցապաստառներով՛՛, ասաց բանախոսը ու լարվածության այլ փաստերի մասին հիշեցնելուց հետո, ներկայացրեց Շվեյցարիայում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը եւ մինչեւ ստորագրումը՝ ժամեր տեւած փակուղային իրավիճակը։

՝՝Այս գործընթացում հերոսներն էին Թուրքիայի նախագահ Գյուլը, որն ունեցավ Հայաստան այց կատարելու քաջություն, Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը հրավիրեց նրան Հայաստան։ Ավելի քիչ էր Թուրքիայի վարչապետ Էրոդանի կարեւորությունը, որն ամեն ինչ անում էր Լեռնային Ղարաբաղի հարցն արձանագրություններում ընդգրկելու համար, հանդես գալիս ՝՝Թուրքիայում անօրինական եղանակով ապրող հայերի՛՛ մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիեւը դադարեցնում գազի առաքումները Թուրքիա ու հետաձգում Շահ Դենիզի շահագործումը։

Հայաստանի թերությունն այն էր, որ գործընթացի մասին այստեղ չկար հրապարակայնացում, քաղաքացիական հասարակության հետ որեւէ կապ ու քննարկում՛՛, ասաց Դեյվիդ Ֆիլիպսը։

ԱՄՆ-ի նախկին դիվանագետը կարծում է, որ վավերացման կետում իր մահկանացուն կնքած հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան օգտագործեց որպես շոու՝ նախապես համոզված լինելով, որ Հայաստանը երբեւիցե չէր համաձայանվի ստորագրել այն։

Սակայն արձանագրություններում առկա բաղադրիչները, ըստ Դեյվիդ Ֆիլիպսի, պատրաստում են առաջընթաց ուղի։ Եթե Էրդողանը ներողություն է խնդրում քրդերից՝ 1936 թվականին Դերսիմում իրականացված ջարդերի համար, հենվելով մահմեդական սկզբունքների վրա, պիտի ներողություն խնդրի նաեւ հայերի հետ կատարվածի համար, այնուհետեւ ներկայացնի արձանագրությունները վավերացման, ասաց Դեյվիդ Ֆիլիպսը։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայակական ծառայության այն հարցին, թե կարելի է արդյոք այսօր կանխատեսել հայ-թուրքական հաշտեցման հաջորդ քայլը, եւ թե արդյոք որ կողմը պիտի խաղի մեջ մտցնի ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ կեսն ազդարարող հանդիպման գնդակը, Դեյվիդ Ֆիլիպսն ասաց.

՝՝Կարծում եմ այս դեպքում ֆուտբոլային հանդիպման երկրորդ կեսը կիսով չափ դատարկ է։ Գնդակը Թուրքիայի դաշտում է։ Թուրքիան ավելի հզոր պետություն է, իսկ փակուղուց դուրս գալու պատասխանատվությունն՝ ընկած Անկարայի վրա՛՛։

XS
SM
MD
LG