Մատչելի հղումներ

«Հայաստանում ընտրությունների արդյունքները ենթարկվել էին զանգվածային մեքենայությունների». PFA


«Վերլուծության արդյունքները հարցականի տակ են դնում Հայաստանի համատեքստում օտարերկրյա դիտորդների ունեցած դերակատարությունը»

Վաշինգտոնից գործող «Policy Forum Armenia» շահույթ չհետապնդող անկախ միությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Հայաստանում 2013 թվականի փետրվարի18-ին կայացած ընտրությունների արդյունքները ենթարկվել են զանգվածային մեքենայությունների, ազդեցությունների և չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը:

Հաղորդագրությունում վկայակոչվում է կազմակերպության կողմից իրականացված վերլուծությունը, որի արդյունքները, ըստ «Policy Forum Armenia»-ի, կասկածի տակ են դնում 2013 թվականի փետրվարին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների ծավալի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության հայտարարությունը, ինչպես նաև Արևմուտքի լրատվական գործակալությունների հաղորդագրությունները:

Հայտարարությունում, մասնավորապես, ներկայացված են ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների մասին վկայություններ ներկայացրած անձանց հաղորդագրությունների, հայաստանյան լրատվամիջոցների, ինչպես նաև կազմակերպության սեփական վերլուծության ամփոփ արդյունքները:

Այսպես, հայտարարությունում նշված է, որ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում տեղ են գտել ընտրողների մասնակցությունն արհեստականորեն ակտիվացնելու զգալի ծավալների հասնող համակարգված գործողություններ, որոնք իրականացվել են՝ հօգուտ Հայաստանի գործող նախագահ Սարգսյանի:

Բացի դրանից, ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի և այլ թեկնածուների օգտին տված ձայները, ըստ հաղորդագրության, անօրինական եղանակով վերագրվել են Սերժ Սարգսյանի օգտին:

Ըստ կազմակերպության հայտարարության, ընտրողների մասնակցության մասին տվյալներն արհեստականորեն բարձրացվել են, ի թիվս այլոց, նաև ընտրատուփերի լցոնման միջոցով:

«Կան տվյալներ այն մասին, որ անվավեր քվեաթերթիկները հաշվարկվել են հօգուտ գործող նախագահի: Առկա են նաև բազմաթիվ վկայություններ գյուղական վայրերի ընտրատեղամասերում ձայների հաշվառման ընթացքում տեղ գտած խարդախությունների մասին» - ասված է հայտարարության մեջ:

«Վերլուծության արդյունքները, բացի այդ, հարցականի տակ են դնում Հայաստանի համատեքստում օտարերկրյա դիտորդների ունեցած դերակատարությունը, մասնավորապես նրանց անկողմնակալությունն ու գնալով կատարելագործվող խարդախությունները հայտնաբերելու ունակությունը», - պնդում է «Policy Forum Armenia»-ն:

«Հորդորում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա կողմնակիցներին հաստատակամորեն պահանջել քվեների ամբողջական ծավալի վերահաշվարկ կամ հայտարարել ընտրությունների արդյունքների անվավեր լինելու մասին, որոնք երկրի և ժողովրդի առաջընթացի և զարգացման համար միակ հեռանկարային միջոցներն են», - եզրափակում է «Policy Forum Armenia»-իկողմից տարածված հայտարարությունը:
XS
SM
MD
LG