Մատչելի հղումներ

Պենտագոնն ընդլայնում է հետախուզական իր ծառայությունը


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը նախատեսում է ստեղծել գաղտնի գործակալների սեփական ցանց

«ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մշակել է գաղտնի գործակալների սեփական ցանց մշակելու ծրագիր, որով նախատեսվում է գործակալների ցանցը հասցնել ԿՀՎ-ի ունեցած գործակալների ցանցի հետ համեմատելի ծավալների»:

Այս մասին հաղորդել է ամերիկյան «Վաշինգտոն Փաստ» պարբերականը, որի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ծրագիրը նախատեսում է վերածել նախարարության հետախուզական վարչությունը գործակալների մի այնպիսի ցանցի, որի խնդիրը կդառնա ծածուկ վտանգների հայտնաբերումը, ինչպես նաև հատուկ ջոկատայինների հետ ԿՀՎ-ի առավել սերտ համագործակցության հաստատումը:

Սպասվում է, որ վարչության ամբողջ աշխարհում գործող գործակալների թիվը կհասնի 1600-ի, ինչը բավականին մեծ թիվ է մի գործակալության համար, որը վերջին տարիների ընթացքում ունեցել է ընդամենը մի քանի հարյուր աշխատող: Գաղտնի նոր գործակալների սերնդի տեղակայումը կիրականացվի հինգ տարվա ընթացքում:

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության գործակալների վերապատրաստությունը կապահովի Կենտրոնական հետախուզական գործակալությունը:

Ամերիկյան պարբերականի վկայությամբ, Պենտագոնի հետախուզությանը հիմնականում հետաքրքրում են Աֆրիկայում իսլամիստական զինյալ խմբավորումները, Հյուսիսային Կորեային և Իրանին սպառազինության մատակարարումը, ինչպես նաև Չինաստանի զինված ուժերի արդիականացումը:
XS
SM
MD
LG