Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ՊՆ-ը ներողություն է խնդրել Աֆղանստանի ժողովրդից և ԱՄՆ-ի մահմեդական համայնքից


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, հանդես գալով Վիրջինիա նահանգի Ստերլինգ քաղաքի Դալեսի տարածաշրջանի մահմեդական կազմակերպության առջև, պաշտոնական ներողություն են խնդրել Աֆղանստանի ժողովրդից և Միացյալ Նահանգների մահմեդական համայնքից՝ Ղուրանի այրման հետ կապված միջադեպի համար:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության տեղակալի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով օգնական Պիտեր Լավոյը, հանդես գալով ԱՄՆ-ի մահմեդականների առջև, ասել է. «Պաշտպանության նախարարության անունից ներողություն են խնդրում Աֆղանստանում տեղի ունեցած միջադեպի համար, որի ընթացքում Միացյալ Նահանգների ռազմական անձնակազմն առանց իմացության, ոչ պատշաճ եղանակով փորձել է ազատվել մահմեդական կրոնական նյութերից, ներառյալ Ղուրանի հատորներից»:

«Այս դեպքում զինված ուժերի անիրազեկության պատճառով անտեսվել էին կրոնական նյութերի հետ վարման վաղուց սահմանված ճիշտ ընթացակարգը: Նույնիսկ պայքարելով Աֆղանստանի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, մեր զինված ուժերը չեն կատարել իրենց պարտականությունները մահմեդական համայնքի առջև», - ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության տեղակալի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գծով օգնական Պիտեր Լավոյը:

XS
SM
MD
LG