Մատչելի հղումներ

Պենտագոն. «Լրտեսներին հաջողվել է գողանալ 24 հազար գաղտնի փաստաթուղթ»


ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Ուիլյամ Լին (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Ուիլյամ Լին (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օտարերկրյա կառավարություններից մեկին հասանելի են դարձել գործակալության ցանցում պահպանվող 24 հազար գաղտնի ֆայլ, ինչը կրկին վկայում է կիբեռ վտանգների դեմ ուղղված և վերջերս ներկայացված ռազմավարության անհրաժեշտության մասին։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Ուիլյամ Լինը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի մարտ մասին իրականացված կիբեռ հարձակումը Միացյալ Նահանգների համակարգչային ցանցերի անվտանգության խաթարումների օրինակներից ընդամենը մեկն է։ Այս հարձակումների պատճառով խաթարվել էր Պենտագոնի «ամենագաղտնի համակարգերի» աշխատանքը, ներառյալ հետախուզական և արբանյակային հաղորդակցման համակարգերը։

Պաշտպանության նախարարի տեղակալը չի հայտնել, թե որ կառավարությունն է իրականացրել մարտին տեղի ունեցած հարձակումը, սակայն նման հարձակումներ կատարելու համար նախկինում մեղադրվել է Չինաստանը։

ԱՄՆ-ի Պաշտպանության ազգային համալսարանում իր ելույթի ընթացքում Լինն ասել է, որ Պենտագոնին իրականում ավելի են անհանգստացնում ահաբեկչական կազմակերպությունների, այլ ոչ թե այլ կառավարությունների կողմից իրականացվող կիբեռ հարձակումները։ Նրա համաձայն, ահաբեկիչների կողմից ցանց մուտք գործելու դեպքում կարող է վնասվել և խաթարվել էներգետիկ ցանցի կամ ֆինանսական համակարգերի աշխատանքը։

Միացյալ Նահանգների կառավարության նոր կիբեռ ռազմավարությունը հիմնականում կենտրոնացած է չարտոնված մուտքից համակարգչային ցանցերը պաշտպանելու վրա՝ համակարգչային վիրուսների դեմ պայքարելու աշխատողների զգոնությունը բարձրացնելու, առավել դիմացկուն համակարգչային ցանցեր ստեղծելու, ինչպես նաև դաշնային այլ գործակալությունների, մասնավոր ընկերությունների և օտարերկրյա դաշնակիցների հետ համագործակցության միջոցով։

ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարական անձնակազմի փոխնախագահ Ջեյմս Քարթրայթը սակայն հայտնել է լրագրողներին, որ այս նոր կիբեռ ռազմավարությունը չի համապատասխանում արդի պահանջներին։ Լինի ելույթից առաջ տված հարցազրույցում Քարթրայթն ասել է, որ կառավարությանն անհրաժեշտ է մշակել ավելի ագրեսիվ ռազմավարություն՝ հարձակվողներին ԱՄՆ-ին պատկանող ցանցեր մուտք գործելու համար խիստ պատժի ենթարկելու համար։

Նրա համաձայն, Պենտագոնը դեռևս փորձում է սահմանել իրավական այն նախադեպերը, որոնցով առաջնորդվելու է համեմատաբար նոր այս ոլորտի գործունեությունը։

XS
SM
MD
LG