Մատչելի հղումներ

Պենտագոնը դատական գործ կհարուցի բին Լադենի ոչնչացման մասին գրքի հեղինակի դեմ


Բին Լադենի մահվան պաշտոնական և գրքում ներկայացված վարկածները զգալիորեն տարբերվում են

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն նախատեսում է դատական գործ հարուցել Միացյալ Նահանգների հատուկ ջոկատի նախկին այն ծառայողի դեմ, որի ականատեսի վկայություններն ընկած են «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Օսամա բին Լադենի սպանության մասին գրքի հիմքում:

Պենտագոնը հեղինակին հինգշաբթի օրն ուղղված նամակում նշել է, որ նա «կատարել է չբացահայտման մասին պայմանագի էական խախտում»: Նման պայմանագիր հեղինակը ստորագրել է՝ լինելով ԱՄՆ-ի ծովային հետևակի հատուկ ստորաբաժանման ծառայող:

Հեղինակի գիրքը վաղօրոք չի արժանացել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հավանության, ինչը հեղինակի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորություն է տալիս:

Հասարակությանը շուտով ներկայացվելիք «Դժվարին օր» գրքի հեղինակն է բին Լադենին ոչնչացրած հատուկ գործողության մասնակից 36-ամյա հատուկ ջոկատայինը: Հեղինակը գիրքը գրել է Մարկ Օուեն մականվան տակ:

Հեղինակի վկայությամբ, «ալ-Քաիդա»-ի առաջնորդին վերացնելու ժամանակ վերջինս անզեն էր: Այս տեղեկությունը տարբերվում է անցյալ տարի պակիստանում տեղի ունեցած իրադարձության պաշտոնական վարկածից:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից տարածված իրադարձությունների պաշտոնական վարկածում նշված է եղել, որ հատուկ ջոկատի ծառայողները պայքար են վարել բին Լադենի հետ վերջինիս ննջասենյակում՝ մեկ կրակոց կատարելով նրա կրծքավանդակի, և ևս մեկ կրակոց՝ ձախ աչքի վերևի հատվածում այն բանից հետո, երբ ենթադրել են, որ վերջինս փորձել էր ձեռք պարզել դեպի իր զենքը:

Հեղինակի համաձայն սակայն, իր ջոկատի ծառայողները նախ սպանել են բին Լադենին այն պահին, երբ նա դուրս նայեց դեպի միջանցք՝ չնայած հատուկ ջոկատայինները չէին կարող հաստատ որոշել, թե արդյոք նա զինված էր:

Գրքի հեղինակը հայտնել է նաև, թե «ալ-Քաիդա»-ի առաջնորդին սպանելուց հետո ջոկատի ծառայողները մտել էին նրա սենյակ և տեսել, որ բին Լադենը պառկած էր իր արյան մեջ, և նրա կողքին լալիս էին երկու կին:

Օուենը գրում է, որ հատուկ ջոկատայինները սենյակից կանանց դուրս բերելուց հետո մի քանի անգամ կրակել էին բին Լադենի կրծիքին՝ մինչև վերջինս չանշարժացավ: Նրա համաձայն, ավելի ուշ ննջասենյակում հայտնաբերվել էր երկու չլիցքավորված զենք՝ «ԱԿ-74» մեկ ինքնաձիգ և «Մակարով» տեսակի ատրճանակ:

Գիրքը նախատեսվում էր հրապարակել սեպտեմբերին 11-ին՝ Միացյալ Նահանգների վրա 2001 թվականին «ալ-Քաիդա»-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակման տարելիցին: Որոշ լրատվամիջոցների կողմի գրքի օրինակները ձեռք բերելու պատճառով սակայն որոշում է կայացվել գիրքը սեպտեմբերի 4-ին հասարակությանը ներկայացնելու մասին:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն ու Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հրաժարվել են որևէ մեկնաբանություն ներկայացնել Օսամա բին Լադենի մահվան պաշտոնական և գրքում ներկայացված վարկածների ակնհայտ տարբերության կապակցությամբ:

Բացի այն վիճահարույց հարցից, թե արդյոք Օուենը վտանգի է ենթարկել ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը, Միացյալ Նահանգների որոշ լրատվամիջոցներ բացահայտել են գրքի հեղինակի իրական ինքնությունը, որից հետո վերջինիս հասցեին համացանցում սպառնալիքներ են հնչեցվել:
XS
SM
MD
LG