Մատչելի հղումներ

Պենտագոնը դատապարտել է Հյուսիսային Կորեայի սպառնալիքները


«Հյուսիսային Կորեան սպառնալիքներով և սադրանքներով ոչնչի չի հասնի, դրանք միայն ավելի խորը մեկուսակցման մեջ կգցեն այս երկիրը». Պենտագոնի

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, զգուշացրել է Հյուսիսային Կորեային այն մասին, որ վերջինս պետք է դադարեցնի Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների խաղաղօվկիանոսյան ռազմակայանների ուղղությամբ հրետանային կրակ բացելու մասին սպառնալիքները:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության համաձայն, ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են պատասխան գործողություններ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի կողմից ցանկացած ագրեսիայի դեպքում:

«Հյուսիսային Կորեայի ռազմատենչ հռետորաբանությունը և սպառնալիքները հետևում են լարվածությունը բարձրացնելու և այլոց ահաբեկելու համար նախատեսված օրինակին», - ասել է Պենտագոնի խոսնակ Ջորջ Լիթլը՝ հավելելով. «Հյուսիսային Կորեան սպառնալիքներով և սադրանքներով ոչնչի չի հասնի, դրանք միայն ավելի խորը մեկուսակցման մեջ կգցեն Հյուսիսային Կորեան և կխաթարեն Հյուսիսարևելյան Ասիայում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը»:

Լիթլի համաձայն, ԱՄՆ-ի ուժերը պատրաստ են արձագանքելու բոլոր իրավիճակներին:

Հյուսիսային Կորեան նախօրեին հայտարարել էր հրթիռային իր ստորաբաժանումները մարտական ամենաբարձր պատրաստվածության բերելու մասին:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունն ու ռադիոն երեքշաբթի օրը հաղորդել էր երկրի գերագույն հրամանատարության վերջին հայտարարությունը, որի համաձայն «մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի» են բերվել հրետանային բոլոր ստորաբաժանումները, ներառյալ գործողության բարձր շառավիղ ունեցող և ռազմավարական հրթիռներով զինված ստորաբաժանումները:

Փխենյանինց հեռարձակված հայտարարության համաձայն, Հյուսիսային Կորեայի ռազմական ստորաբաժանումների թիրախը կդառնան «թշնամու ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես մայրցամաքային Միացյալ Նահանգներում, այնպես էլ Հավայան կղզիներում և Գուամում»:

Թիրախների ցանկում, ըստ հայտարարության, ընդգրկված է նաև Հարավային Կորեան, որտեղ, Հյուսիսային Կորեայի հրամանատարության հայտարարության համաձայն, «առաջին իսկ հարվածից ամեն ինչ կոչնչացվի և մոխրի կվերածվի»:
XS
SM
MD
LG