Մատչելի հղումներ

Ուկրաինայի խորհրդարանը քվեարկել է Յանուկովիչին նախագահի պաշտոնից ազատելու օգտին


Ուկրաինայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին որոշումը

Ուկրաինայի խորհրդարանը քվեարկել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից ազատելու օգտին և կոչ է արել նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել մայիսի 25-ին:

Ուկրաինայի խորհրդարանը, բացի այդ, շաբաթ օրը հավանության է արժանացրել երկրի ընդդիմության առաջնորդներից մեկը դարձած նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին որոշումը:

Խորհրդարանի կողմից Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին որոշումն ընդունելուց քիչ անց վերջինս դուրս է եկել Խարկով հյուսիս-արևելյան քաղաքի մոտակայքում գտնվող կալանավայրի հիվանդանոցից: Տիմոշենկոն ազատազրկման էր դատապարվել իր պաշտոնական պարտականությունները չարաշահելու համար:

Ուկրաինայի խորհրդարանը, բացի այդ, շաբաթ օրը խոսնակի պաշտոնում նշանակել է Յուլիա Տիմոշենկոյի դաշնակից Օլեկսանդր Տուրչինովին: Տուրչինովը խորհրդարանի խոսնակի պաշտոնում ընտրվել էր երկրի կառավարության ջատագով խոսնակ Վոլոդիմիր Ռիբակի կողմից ներկայացված հրաժարականից քիչ անց: Ռիբակը որպես հրաժարականի պատճառ է նշել իր վատ առողջությունը:

Նախագահ Յանուկովիչն այս ընթացքում ասել է, թե նախատեսում է մնալ իր պաշտոնում: Ուկրաինայի հեռուստատեսությամբ շաբաթ օրը հանդես գալու ժամանակ Յանուկովիչը «հեղաշրջում» է անվանել իր դեմ ուղղված բողոքի ցույցերը, որոնց ընթացքում տեղի ունեցել բազմաթիվ զոհեր և բռնություններ:

Նախագահ Յանուկովիչը, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանամերձ Խարկով քաղաքում, ասել է նաև, որ Ուկրաինայի խորհրդարանի կողմից իրեն նախագահի պարտականություններից հանելու մասին որոշումն անօրինական է:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն շաբաթ օրն իր հերթին կոչ է արել նախագահ Յանուկովիչին հրաժարվել իր զբաղեցրած պաշտոնից, որպեսզի երկրում այս տարվա մայիս ամսվանից ոչ ուշ հնարավոր լինի անցկացնել նախագահական ընտրություններ:

Ուկրաինայի նախագահն ու ընդդիմության երեք ներկայացուցիչները նախօրեին ստորագրել էին երկրում այս շաբաթ մի քանի տասնյակ զոհերի պատճառը դարձած քաղաքական ճգնաժամին վերջ տալու մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրելուց հետո քիչ անց Ուկրաինայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքներով հավանության էր արժանացրել երկրի 2004 թվականի սահմանադրության գործողությունը վերականգնելու մասին որոշումը, ինչը երկրի նախագահին զրկում է որոշ լիազորություններից և բարձրացնում է խորհրդարանի դերը:

2004 թվականի սահմանադրության գործողությունը վերականգնելը եղել է Ուկրաինայի հակակառավարական ակտիվիստների հիմնական պահանջներից մեկը:
XS
SM
MD
LG