Հայաստանում այս կիրակի օրը՝ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտվում են որպես երկրում ժողովրդավարության փորձություն և մարտահրավեր՝ նախագահ Սերժ Սարգսյանի համար, որն իր պաշտոնում ընտրվել է ընտրախախտումներով և բռնություններով ուղեկցված նախագահական ընտրությունների արդյունքում:
Խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներն իրենց ընտրությունն են կատարելու ութ քաղաքական կուսակցության և մեկ դաշինքի թեկնածուներից՝ արդյունքում ձևավորելով երկրի 131 տեղ ունեցող խորհրդարանի՝ Ազգային ժողովի նոր կազմը:
Հայաստանի ժողովրդավարական պատկերին վնաս է հասցվել 2008 թվականին, երբ նախագահական ընտրություններից հետո տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև, որոնց զոհ էր գնացել ընդդիմության ութ ներկայացուցիչ և ոստիկանության երկու ծառայող:
Գալիք ընտրություններից առաջ ինչպես տեղական, այնպես էր արևմտյան դիտորդները մտահոգություն են հայտնել երկրի 3,3 միլիոն բնակչից 2,5 միլիոն գրանցված ընտրողների անունները պարունակող ընտրացուցակների կապակցությամբ:
Երկրում հասարակական կարծիքի անցկացված հարցումների համաձայն, մայիսի 6-ի ընտրություններին հաղթանակ տանելու ամենամեծ հավանականությունն ունեն Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական և գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուները:
Վերլուծաբանների համաձայն, խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրի ներկայիս կառավարությունը հնարավորություն կունենա բարելավել վնասված իր պատկերը: Սպասվում է նաև, որ ընտրությունների ընթացքում պայքար է գրանցվելու իշխող դաշինքի անդամների միջև՝ ի տարբերություն կառավարության և ընդդիմության միջև ավանդական պայքարի:
«Այս ընտրությունները երկրում 2008 թվականին ծավալված հետընտրական ճգնաժամից հետո անցկացվող համազգային առաջին ընտրություններն են: Բացի դրանից, հետաքրքրական է, որ այս անգամ հակամարտություն է ծավալվել ոչ միայն ընդդիմության և կառավարության միջև: Հակամարտություն է ծավալվել քաղաքական իշխող էլիտայի ներսում, մասնավորապես՝ իշխող Հանրապետական կուսակցության և դաշինքում երկրորդ դիրքը գրավող «կրտսեր գործընկեր»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև», - «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Եթե այս ընտրությունները հիասթափությամբ ավարտվեն, մեծանալու են Հայաստանի կառավարության վրա գործադրվող ճնշումները՝ երկրի ներսում ավելի մեծ սպասումների և արտաքինից ավելի բարձր ստանդարտներին համապատասխանելու պահանջների պատճառով», - ասում է Կիրակոսյանը՝ հավելելով. «Սակայն չկա որևէ ազդանշան կամ իրական վկայություն այն բանի, որ Հայաստանի ժողովուրդն անմիջապես դուրս է գալու փողոցները. ավելի շուտ, այս ընտրությունների արդյունքները նախապատրաստելու են ապագայում՝ հաջորդ տարի հնարավոր կոնֆլիկտի, քանի որ 2013 թվականին երկրում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Ամեն դեպքում, այս ընտրությունները բավականին շատ են տարբերվելու մնացած այլ ընտրություններից՝ լինելով շատ ավելի կարևոր և նշանակալից, մարտահրավեր և փորձություն Հայաստանի ներկա իշխանությունների համար», - նշել է Կիրակոսյանը:
Վերլուծաբանները նշում են նաև, որ Հայաստանի խորհրդարանական տեղեր ստանալու լավ հնարավորություններ ունի նաև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, իսկ «Օրինաց երկիր» և ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունները կարող են չհաղթահարել հինգտոկոսանոց շեմը:
Հայաստանի խորհրդարանում տեղեր ստանալու մեծ հնարավորություն ունի ծայրահեղական ընդդիմության դաշինքների և կուսակցությունների դաշինք Հայ Ազգային Կոնգրեսը՝ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, որի կարծիքով, իշխանությունները կրկին ընտրակեզծիքներ են կատարելու, այլապես իր գլխավորած դաշինքն ունի խորհրդարանում մեծամասնություն գրավելու բարձր հնարավորություն: