Մատչելի հղումներ

Նալբանդյանն ու Ֆաբիուսը Փարիզում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը


Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպմանն քննարկվել է ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ է կատարվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին

Աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր՝ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները, ըստ պաշտոնական հաղորդագրության, մարտի 13-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։

Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված Հայաստան – Եվրոպական Միություն հռչակագրի լույսի ներքո երկու պետությունների արտգործնախարարները անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին։

«Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգարավվածությունը, կարևորել է նրանց միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հանդիպման ընթացքում քննարկել են միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ են կատարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին։
XS
SM
MD
LG